Տպել
09.04.2021
Քննարկվեց Սեւանա լիճ մոտորանավակների մուտքն ու ելքը կանոնակարգող օրինագիծը
1 / 5

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 9-ի նիստում քննարկման ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ստացավ դրական եզրակացություն:

Օրենսդրական կարգավորումը պայմանավորված է ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի անարդյունավետ եւ անխնա օգտագործումը կանխելու, պատշաճ պահպանություն ապահովելու, իրավախախտումների նկատմամբ կանխարգելիչ քաղաքականություն վարելու անհրաժեշտությամբ:

Կսահմանվի վարչական պատասխանատվություն տարափային (հեղեղային) ջրահեռացման եւ ցամաքուրդային (դրենաժային) համակարգեր կեղտաջրեր արտանետելու, կենտրոնացված ջրահեռացման համակարգ տարափային ու ցամաքուրդային ջրեր ընդունելու  եւ ոռոգման համակարգերի աղտոտման համար: Փոխնախարարը պարզաբանեց, որ սա Սեւանա լիճ մոտորանավակների մուտքն ու ելքը կանոնակարգող նախագիծ է:

Կարգավորումների սահմանման նպատակը լողափերում հանգստացողների եւ լողացողների անվտանգությունն ապահովելն ու Սեւանա լճում արդյունագործական որսի ընթացքում թույլատրված ռեսուրսի օգտագործման  նկատմամբ պատշաճ մակարդակով հսկողություն եւ վերահսկողություն իրականացնելն է: