Տպել
09.04.2021
Կնվազեցվեն հողատարածքների աճուրդների ընթացքում ի հայտ եկած չարաշահումները
1 / 3

ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել  ՀՀ հողային օրենսգրքում,  որի նպատակը պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքների աճուրդների  ընթացքում ի հայտ եկած խնդիրների կարգավորումն  է:

Նրա պարզաբանմամբ՝ գործող օրենքով կարգավորումներն այնպիսին են, որ դրանք որոշ մարդկանց հնարավորություն են տալիս խափանելու հողատարածքների աճուրդների անցկացումը: Տարածված երեւույթ է, երբ աճուրդի մասնակիցներից ոմանք աճուրդի սկզբում հողի համար անհիմն բարձր գին են առաջարկում, սակայն հետագայում հրաժարվում, ինչի հետեւանքով խաթարվում է մրցույթի արդար անցկացումը: Վերջնարդյունքում տվյալ հողը վաճառվում է խիստ ցածր   գնով:

Աճուրդների թափանցիկությունն ապահովելու համար  աճուրդի դրվող հողամասերի վերաբերյալ հայտարարությունները կհրապարակվեն  մամուլում, կտեղադրվեն azdarar.am-ի, ինչպես նաեւ   մարզպետարանների կայքերում:

Հեղինակի տեղեկացմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած  ժամանակահատվածում նախագիծը իր եւ Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակվել է, կատարվել են որոշ  փոփոխություններ:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրեց Կառավարության դրական եզրակացությունը:

Ապրիլի 9-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում: