Տպել
14.04.2021
Խորհրդարանը շարունակեց Կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկումը
1 / 2

Ապրիլի 14-ին խորհրդարանը շարունակեց ՀՀ կառավարության  ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկումը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անունից հարակից ելույթ ունեցավ հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը: Նրա դիտարկմամբ՝ 2020 թվականին ճգնաժամային իրավիճակ է եղել հանրապետությունում, ինչի հետեւանքով Կառավարությունը համապատասխան կառավարում է իրականացրել: Գործադիր մարմինը միայն կորոնավիրուսով պայմանավորված` հաշվետու տարում շուրջ 210 մլրդ դրամի  աջակցության ծրագրեր է իրականացրել: Գրանցվել է նաեւ  7.6 տոկոս տնտեսական անկում, ինչը նույնպես պայմանավորված է եղել համավարակով եւ պատերազմով: Պատգամավորն այդ իրավիճակում արդյունավետ  գնահատեց Կառավարության իրականացրած ծրագրերը, ինչը թույլ է տվել խուսափելու ավելի մեծ տնտեսական անկումից: Կառավարությունն այս պահի դրությամբ  33 մլրդ դրամի աջակցության ծրագրեր  է  իրականացրել  արցախցի մեր հայրենակիցների խնդիրների լուծման համար, շահառուների թիվը  110 հազար է:  Առաջիկա 3 ամիսներին Կառավարությունը մտադիր է  23 մլրդ դրամի չափով շարունակել աջակցության ծրագրերի իրականացումը:

«Կարեւոր է, որ ապահովվել է մակրոտնտեսական կայունությունը»,-ընդգծեց Արտակ Մանուկյանը: