Տպել
14.04.2021
Պատգամավորի ելույթը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անունից
1 / 2

Ապրիլի 14-ին Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անունից հանդես եկավ Բաբկեն Թունյանը:

Պատգամավորը նշեց, որ նախորդ տարվա հաշվետվության՝ տնտեսությանը վերաբերող ոլորտները քննարկվել են իր նախագահած հանձնաժողովում:

Ըստ նրա՝ անցյալ տարին աննախադեպ էր, եւ այն ցուցանիշներն ու թիրախները, որոնք ի սկզբանե դրված էին 2020-ի համար, իրականություն չեն դարձել: Այս վիճակը բնորոշ է եղել աշխարհի բոլոր երկրներին. «Մեր դեպքում համաճարակին գումարվեց նաեւ պատերազմը իր տնտեսական ու սոցիալական հետեւանքներով: Փաստացի մենք ունեցել ենք ճգնաժամային կառավարում, որն իրականացվել է Կառավարության եւ Ազգային ժողովի սերտ համագործակցությամբ»:

Հանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ երկու տասնյակից ավելի հակաճգնաժամային միջոցառումներ են մշակվել ու կյանքի կոչվել. «Այդ ընթացքում հնչած գլխավոր հարցն է եղել՝ այդ միջոցառումները բավարա՞ր էին եւ ծառայեցի՞ն իրենց նպատակին»:  Նա շեշտեց, որ կատարվել է առավելագույնը: Իսկ թե որքանով են դրանք եղել արդյունավետ, կպարզի ժամանակը: «Այս ընթացքում մենք փորձել ենք կանգ չառնել»,- եզրափակեց Բաբկեն Թունյանը: