Տպել
14.04.2021
Ազգային ժողովի գրադարան. «Խորհրդարաններ» եւ «Խորհրդարանական կանոնակարգեր» շարքերը
1 / 7

2002 թվականից Հայկական գրադարանային ասոցիացիան կազմակերպում եւ անցկացնում է Ազգային գրադարանային շաբաթը: Այս տարի այն անցկացվում է ապրիլի 12-19-ը: Ազգային գրադարանային շաբաթի հիմնական նպատակն է հանրության բոլոր շերտերի ուշադրությունը հրավիրել գրադարանների ու գրադարանային խնդիրների վրա: ՀՀ ԱԺ գրադարանն ինչպես ամեն տարի, այս տարի եւս միացել է ավանդական դարձած  այս միջոցառմանը:

Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում ներկայացնում ենք խորհրդարանի գրադարանի առանձնահատուկ աշխատաոճը, սկզբունքները, գրադարակների դասավորության տրամաբանությունը:
 
Ազգային ժողովի գրադարանում աշխույժ մթնոլորտ է: Ամենուր գրքեր են եւ գրադարակներ: Պատգամավորները եւ աշխատակազմը հնարավորություն ունեն ընթերցելու հավաքածուներում ներկայացված գրքերը, ինչպես նաեւ ծանոթանալու օրվա մամուլի հրապարակումներին: Ամեն առավոտ թերթերը գրադարանի սեղանին են:

Ի տարբերություն մյուս գրադարանների՝ խորհրդարանի գրադարանում գրքերը դասավորվում են այլ տրամաբանությամբ: Առանձնահատկությունն այն է, որ թեմատիկ ուղղվածություն ունեցողների շարքում են եւ՛ հայերեն, եւ՛ այլալեզու գրքերը: Հանգամանք, որն առավել հեշտացնում է այցելուի գործը՝ նպաստելով աշխատանքի որակի բարձրացմանը: Ուրիշ գրադարաններում այս կարգը չի գործում:

Գրադարակների պատվավոր առաջին տեղում է «Խորհրդարաններ» շարքը: Աշխարհի խորհրդարանների մասին պատմող գրքեր են, հիմնականում ալբոմներ եւ ուղեցույցներ: Հաջորդ դարակում Ազգային ժողովի գումարումները ներկայացնող ձեռնարկներն ու օրենսդիր մարմնի վերաբերյալ եղած տեսական աշխատություններն են:

Խորհրդարանի գործունեությունը հիմնականում կանոնակարգված է: Դրանով է պայմանավորված տրամաբանական կապը. «Խորհրդարաններ» շարքին հաջորդում է «Խորհրդարանական կանոնակարգերը»:

Այլ երկրների խորհրդարանների պատմությունը ներկայացնող գրքերի 90 տոկոսը ձեւավորվել է նվիրատվությունների շնորհիվ. տարիների ընթացքում յուրաքանչյուր պատվիրակություն արտերկրյա այցից գրքեր է նվիրել գրադարանին:

Գրադարակներում արխիվային արժեք ունեցող գրքերը շատ են: Այդ բազմազանությունից առանձնացրինք «ՀՀ պառլամենտի նիստերի արձանագրություններ 1918-1920թթ.» ձեռնարկը, որը յուրօրինակ արխիվային փաստաթուղթ է: Այն հրատարակվել է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի 90 եւ Հայաստանի երրորդ հանրապետության խորհրդարանի 20-ամյակի առիթով: Հիշատակության արժանի է «Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանը. 1918-1920» փաստաթղթերի ժողովածուն՝ նվիրված Առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակին: Արխիվային արժեք ունեցող գրքում ներկայացված են խորհրդարանի ընտրություններին, ընտրական օրենսդրությանը, քաղաքական ուժերի կազմին, հանձնաժողովներին ու ընդունած օրենքներին վերաբերող փաստաթղթեր ու լուսանկարներ: