Տպել
16.04.2021
ԱԺ խմբակցությունների ելույթները Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ
1 / 1

Ապրիլի 16-ին շարունակվել է ԱԺ հերթական նիստը: Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը. Տնտեսությունը կործանել եք, բանակը կործանել եք, դիվանագիտությունը կործանել եք եւ եկել ասում եք՝ նախկիններն են մեղավոր: Եթե նրանք մեղավոր չլինեին, դուք ի՞նչ գործ կունենայիք այստեղ: Ձեզ ո՞վ պետք է ընտրեր, որ դուք դառնայիք պատգամավոր ու նախարար: Նրանք մեղավոր էին ու դրա համար եղավ հեղափոխությունը: Որպեսզի այս ազգակործան պատուհասից մենք դուրս գանք, միակ ելքն արտահերթ ընտրությունների ճանապարհով գնալն է եւ ճգնաժամը լուծելը: Բայց մի կարեւոր հանգամանք կա. եթե ուզում ենք իշխանությունը փոխվի, պետք է կարեւոր քայլ անել: Ես պաշտոնական առաջարկ եմ անում բոլոր նախկին իշխանություններին՝ սկսած Ռոբերտ Քոչարյանով: Մի կողմ քաշվեք եւ մենք այս մարդկանց կդարձնենք փոքր ընդդիմություն: Եթե չքաշվեցիք, ձեր դեմ քարոզարշավով գնալու են վերարտադրման ճանապարհով: Թույլ չենք տալու, որ որեւէ ձեւով շարունակվի այս ազգակործան պատուհաս վիճակը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունեցավ Հայկ Կոնջորյանը. Արդեն մի քանի օր է մենք քննարկում ենք Կառավարության 2020-ի կատարողականի վերաբերյալ զեկույցը: Երբեմն տպավորություն է, որ որոշ գործընկերներ ԱԺ այս բարձր ամբիոնը շփոթել են ֆեյսբուքյան պրոֆիլների հետ: Ցավոք սրտի, դա իրականություն է: Դա նաեւ ժողովրդավարության գինն է, որը մենք վճարում ենք: 2020-ը մենք անցել ենք ճգնաժամային կառավարման գործընթացի մեջ: Բախվել ենք երկու մեծ ֆորսմաժոռի հետ՝ մեկը գլոբալ մյուսը՝ ռեգիոնալ: Երկու դեպքում էլ դրանք իրենց տեմպով, ծավալներով տասնապատիկ անգամ գերազանցել են մեր հնարավորությունները, մեր գիտելիքները: Դա միայն մեր մասին չէ՝ ամբողջ աշխարհի մասին է: Մեր երկրում, երբ բժիշկները պայքարում էին COVID-ի վիրուսի բացիլների դեմ, մեր երկիրը զուգահեռաբար ինտենսիվորեն պայքարում էր նաեւ քարոզչական պատերազմի կեղծիքի ու ստի բացիլների դեմ: Կոնկրետ շրջանակներ վիրուսն օգտագործել են իբրեւ քաղաքական տրամպլին եւ իբրեւ քաղաքական մահակ այս իշխանության գլխին հարվածելու համար: Հարվածելով մեզ՝ հարվածել են նաեւ ՀՀ ժողովրդին: