Ապրիլի 16-ի ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պատգամավոր Արտաշես Պետրոսյանի հեղինակած ««Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
Հեղինակի կարծիքով՝ առաջարկվող փոփոխությունները դրական ազդեցություն կունենան Հայաստանի էներգետիկ բնագավառի զարգացման վրա եւ կնպաստեն հարմար ներդրումային ֆոնի ստեղծմանը տնտեսության համար այս կարեւոր բնագավառում:
Առաջարկվում է տարեկան վերջնահաշվարկի ժամկետը դեկտեմբերի 31-ից տեղափոխել ապրիլի 30-ը, որով սպառողը հնարավորություն կունենա իր համար անհրաժեշտ էներգիայի ծավալներով արտադրել եւ սպառել այն՝ խուսափելով հավելյալ ծախսերից, քանի որ այդ ամիսներին արեւային օրն ավելի կարճ է, իսկ ամպամածությունն ավելի շատ:
Նշվեց, որ փոփոխությունների արդյունքում նաեւ ինքնավար էներգաարտադրողները կազատվեն հավելյալ ամսական ֆինանսական ծանրաբեռնվածությունից, եւ գիշերային սակագնի վճարները կկատարվեն տարեկան վերջնահաշվարկի ժամանակ:
Արտաշես Պետրոսյանն ընդգծեց, որ օրենքի նախագծի շուրջ կազմակերպվել է նաեւ աշխատանքային քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը, ներկայացնելով դրական եզրակացությունը, նշեց, որ օրինագիծն ավելի կհստակեցվի երկրորդ ընթերցման ծամանակ, քանի որ ֆինանսական որոշակի կարգավորումների անհրաժեշտություն կա:
Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Փոխնախարարը նշեց, որ կան որոշակի հարցեր, որոնք կքննարկվեն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո: