Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանն ապրիլի 19-ին այցելեց Արմավիրի մարզի Փշատավան համայնք, որտեղ ապրում է շուրջ 40 եզդի ընտանիք:
Փշատավանը սահմանամերձ է, սակայն արտոնություններից օգտվում է փոքր ծավալով:
Բաքոյանը հետաքրքրվեց բնակիչների խնդիրներով: Ըստ համայնքի ղեկավար Ազատ Քյարամյանի՝ գյուղում խնդիրները շատ են, սակայն առաջնահերթ է Փշատավան-Արգավանդ միջհամայնքային 3 կմ ճանապարհի վերանորոգման հարցը:
«Գյուղացիները հիմնականում զբաղվում են խաղողագործությամբ եւ ճանապարհի ասֆալտապատ չլինելու պատճառով դժվարությամբ են բերքը հասցնում տեղական շուկա: Ճանապարհին արեւի տակ բերքը փչանում է, կոտրվում են սայլերի անիվները»,-ասաց Քյարամյանը:
Գյուղացիները նաեւ բողոքեցին, որ խաղողի այգիներ հիմնելու նպատակով վերցրած վարկերի տոկոսները բարձր են, իսկ վերադարձի ժամկետները` կարճ:
Բնակիչները կարեւոր համարեցին նաեւ մեծաթիվ համայնքում մանկապարտեզ ունենալու հարցը: Համայնքում ապրող 250 երեխայից 160-ը հնարավորություն չունի հաճախելու մանկապարտեզ:
Այցի ավարտին Ռուստամ Բաքոյանը խոստացավ բարձրաձայնել հարցերը եւ գտնել լուծումներ: