Տպել
20.04.2021
«ԵԽԽՎ-ն խորհրդարանական վեհաժողով է, դատարան չէ». Արման Եղոյան
1 / 1

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանն ապրիլի 20-ի խորհրդարանական ճեպազրույցներում ի պատասխան լրատվամիջոցների հարցերի՝ անդրադարձավ ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների եւ տեղահանված անձանց հարցի ներառմանը: Հիշեցնենք, որ Ռուսաստանը դեմ էր քվեարկել: Հայ ռազմագերիների խնդրի քննարկման օրակարգում է եղել նաեւ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու հարցը:

«Կախված նրանից, թե հարցն ի՞նչ տեխնիկական ձեւաչափով է դրվել քվեարկության՝ կարող ենք եզրակացնել՝ ինչ քաղաքական հետեւություն կարելի է անել: Իսկ տեխնիկական ձեւաչափի մասին հարցը խնդրում եմ ուղղել ԵԽԽՎ մեր պատվիրակությանը վերադարձից հետո»,-ընդգծեց Արման Եղոյանը:

Ըստ պատգամավորի՝ Ռուսաստանն այս հարցում ներգրավված է այն չափով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերից մեկն է: Հայտարարությամբ էլ ամրագրված է գերիների անհապաղ վերադարձի համաձայնությունը: Եղոյանը հավելեց, որ ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ի ներգրավվածությանը, պետք է արձանագրել, որ գերիների վերադարձի հարցը միջազգային մարդասիրական իրավունքի իմպերատիվ նորմ է եւ միջազգային իրավական հարցերին զուգահեռ այդ հարթակում է քննարկվում: Իսկ Ռուսաստանը եւս ԵԽԽՎ անդամ է:

«Իսկ բանաձեւ սպասվու՞մ է»,-լրագրողի հարցին ի պատասխան՝ Արման Եղոյանը նշեց. «Որքան գիտեմ, այս ընթացակարգով բանաձեւ չի սպասվում, բայց սա մի քայլ է: Չի բացառվում, որ հաջորդ քայլով ընդգրկվի այն ընթացակարգերում, որոնցով ենթադրվում է բանաձեւի ընդունում»:

«Գերիների հարցը փորձում ենք չքաղաքականացնել: Քաղաքականացնելու դեպքում վերածվում է քաղաքական բանակցությունների առարկայի: Մենք մշտապես պնդել ենք, որ հարցը պետք է լուծվի միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով: Քանի որ Ադրբեջանի կողմից տեսնում ենք քաղաքականացման փորձեր, նրանց վրա նաեւ քաղաքական ճնշում է պետք բանեցնել, ինչն արդեն արվում է, որպեսզի հարցը լուծվի քաղաքական ճնշման արդյունքում»,-ընդգծեց Արման Եղոյանը: