Տպել
23.04.2021
Կարեւորվեց իրավաբանական կամ ֆիզիկական անձանց պատկանող հողամասերի վրա աճող ծառերի ու տնկիների հատումների օրենսդրական կարգավորման հարցը
1 / 7

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանի եւ Նիկոլայ Բաղդասարյանի նախաձեռնությամբ ապրիլի 23-ին տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որը վերաբերում էր ծառահատումների կարգավորմանը:

Քննարկմանը մասնակցում էին Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գեւորգ Նազարյանն ու Շրջակա միջավայրի նախարարության ԲՀՊՏ քաղաքականության վարչության ներկայացուցիչ Արամ Աղասյանը:

Մերի Գալստյանը նշեց, որ անհրաժեշտ է մասնավոր սեփականություն հանդիսացող, միաժամանակ  հանրային կամ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում  ծառահատում կատարելու համար կիրառել սահմանափակումներ: Մասնավորապես, առաջարկվում է քննարկել նման հողատարածքների վրա աճող ծառերի կամ տնկիների հատումը կատարելու համար համայնքից նախօրոք համաձայնություն ստանալու հարցը: Պատգամավորը կարեւորեց նաեւ հանրային շահի եւ  մասնավորի իրավունքների ճիշտ հավասարակշռության պահպանումը:

Հարցի խորքային ուսումնասիրությունից, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի եւ Շրջակա միջավայրի նախարարության հետ քննարկումների արդյունքներն ամփոփելուց հետո պատգամավորները կնախաձեռնեն օրենսդրական փոփոխություններ: