Տպել
28.04.2021
ՀՀ քրեական օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը ստացավ դրական եզրակացություն
1 / 9

Ապրիլի 28-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Օրակարգում ընդգրկված էր մեկ հարց` ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիության մասինե օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը:

Հիմնական զեկուցողը նշեց, որ Կառավարությունը ներկայացրել է տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են:

Վահագն Հովակիմյանի տեղեկացմամբ՝ օրենսդրական փաթեթից հանվել է այն դրույթը, որով առաջարկվում էր ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելու համար սահմանել քրեական պատասխանատվություն, երբ այդ գործողությունը կատարվել է շահադիտական նպատակներով մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից:

Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հետաքրքրվեց դրույթը հանելու պատճառների մասին, ինչին ի պատասխան նշվեց, որ նմանատիպ նախագիծ վերջերս չի ստորագրել ՀՀ նախագահը եւ ուղարկել է Սահմանադրական դատարան: Ուստի, հնարավոր էր, որ վերոնշյալ դրույթի առկայությունը եւս հետաձգեր օրենսդրական փաթեթի` օրենքի ուժ ստանալու գործընթացը:

Հարակից զեկուցող Արուսյակ Ջուլհակյանն առաջարկեց գործընկերներին կողմ քվեարկել օրենքների նախագծերի փաթեթին:

Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը, ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը, նշեց, որ առարկություններ չունի. ընդունվել են ներկայացված առաջարկները:

Կառավարության եւ հեղինակի առաջարկներով լրամշակված օրենսդրական փաթեթը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը: