Տպել
29.04.2021
Փոփոխություններ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում
1 / 4

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 29-ի նիստում քննարկեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վահագն Հովակիմյանի եւ Վիկտոր Ենգիբարյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Առաջարկվում է օրենսգրքի 17-րդ գլխով նախատեսված ձերբակալման կարգն ու տեսակները համապատասխանեցնել Սահմանադրության 27-րդ հոդվածին, Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածին եւ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով սահմանված պահանջներին:

Ըստ հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանի` վերաշարադրվել է օրենսգրքի 131-րդ հոդվածը, որով հստակեցվել են խափանման միջոցի պայմանները, մեղադրյալի ձերբակալման կարգը: Միաժամանակ ձերբակալման այս տեսակի դեպքում առաջարկվում է սահմանել, որ սույն հիմքով  իրականացվող ձերբակալումը չի կարող տեւել 36 ժամից ավելի: Գործող կարգով այն 72 ժամ է: Հեղինակները վերաշարադրել են նաեւ 130-րդ հոդվածը:

Հարակից զեկուցող Սերգեյ Ատոմյանը, ողջունելով նախաձեռնությունը, հորդորեց այն արժանացնել դրական եզրակացության:

Կառավարության դիրքորոշումը ներկայացնող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ առաջարկվող լուծումները կարեւոր նշանակություն ունեն իրավակիրառ պրակտիկայում:

Նախաձեռնությունը ստացավ դրական եզրակացություն: