Տպել
30.04.2021
Առաջարկվեց պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վարույթով գործերի քննության համար հստակ ժամկետ սահմանել
1 / 7

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ ապրիլի 30-ին շարունակել է նախորդ օրն ընդհատված նիստի աշխատանքը:

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց Գեւորգ Պետրոսյանը: Հեղինակը նշեց, որ անձի պատվի եւ արժանապատվության պաշտպանությունը պետք է իրականացվի խելամիտ ժամկետներում որպես այդ իրավունքների արդյունավետ պաշտպանության երաշխիք: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդիկ չեն գնում իրենց պատիվը եւ արժանապատվությունը դատական կարգով պաշտպանելու ճանապարհով դրա երկար քննության պատճառով: Նախագծով առաջարկվում է պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վարույթն ընդգրկել ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Հատուկ հայցային վարույթներ» ենթաբաժնում: Սահմանել հստակ ժամկետ նման վարույթով գործերի քննության համար, քանի որ նման գործերն իրենցից ապացուցողական բարդություն չեն ներկայացնում: Պետրոսյանը տեղեկացրեց, որ բոլոր առաջարկներն ընդունվել են:

Հարակից զեկույցում պատգամավոր Արթուր Դավթյանը դրական գնահատեց օրենսդրական առաջարկը՝ նշելով, որ այս գործերով դատարանները կաշկանդված կլինեն, ավելի սեղմ ժամկետներում կնշանակեն երկրորդ նիստերը: Արդյունքում վեճի լուծումը կլինի ավելի սեղմ ժամկետում: Պատգամավորն առաջարկեց պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հայցերն առաջին ատյանի դատարանում քննել եւ լուծել եռամսյա ժամկետում: Առաջարկվեց հայցադիմումի պատասխանը ներկայացնել այն վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում:

Վերաքննիչ դատարանը եզրափակիչ դատական ակտի դեմ ներկայացված բողոքը պետք է քննի եւ որոշում կայացնի այն վարույթ ընդունելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ գործադիրը կողմ է նախագծին եւ ներկայացրել է որոշակի առաջարկներ: Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդունելու ժամկետն առաջարկվեց սահմանել մեկ ամիս: Փոխնախարարը փաստեց, որ դատարանների գերծանրաբեռնվածությունն է դատական նիստերի ձգձգման պատճառը:

Հանձնաժողովը հարցի առնչությամբ տվեց դրական եզրակացություն:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...