Տպել
30.04.2021
Հանձնաժողովին ներկայացվեց 2020-ի ընթացքում Հայաստանի ՄԻՊ գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի վերաբերյալ տարեկան հաղորդումը
1 / 3

Ապրիլի 30-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեցին «2020 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումն ու «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը կարեւորեց իր գլխավորած կառույցի եւ խորհրդարանի մշտական հանձնաժողովների, հատկապես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի հետ համագործակցությունը, ինչի արդյունքում լուծվել են ոլորտին առնչվող բազմաթիվ խնդիրներ:

Արման Թաթոյանի հավաստմամբ` ՄԻՊ-ը 2020-ին աշխատել է գերծանրաբեռնված:  Կառույցը 2020-ին ստացել է 14.780 բողոք: Թաթոյանը հաշվետու ժամանակահատվածում կատարել է 200 այց քրեակատարողական հիմնարկներ եւ ոստիկանություն, հրապարակել է 7 լեզվով ուղեցույց:

Նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակը եւ Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական լայնածավալ հարձակումները սկզբունքորեն փոխել են ՄԻՊ գործունեության ուղղությունները. եղել են մարդու իրավունքների 32 այնպիսի կոպիտ խախտումներ, պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, որոնց նախադեպը չի եղել: Ընդ որում, բոլոր հաղորդումներն ու զեկույցները հայերենից բացի կազմվել են մինչեւ 6 լեզուներով` անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, արաբերեն, չինարեն, իսպաներեն: Սա բացառիկ ջանքեր է պահանջել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Ըստ ՄԻՊ-ի` իրավունքների խախտումները բազմազան են եղել` սկսած Արցախի խաղաղ բնակավայրերը զանգվածային ավերածությունների ենթարկելուց մինչեւ բացառիկ ցինիզմով դաժան վերաբերմունք քաղաքացիական անձանց ու զինծառայողների դեմ: Այս բոլոր խախտումները մանրամասն արտացոլված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաեւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ զեկույցներում ու հաղորդումներում:

Անդրադառնալով հայ գերիների հարցին` Թաթոյանը նշեց, որ գերիների վերադարձը միջազգային պահանջ է:

Անդրադարձ եղավ Ադրբեջանի նախագահի կողմից մեր ժողովրդի ու երկրի նկատմամբ ատելության քարոզին: Նշվեց, որ այդ երկրի նախագահը վարում է ֆաշիզմի հասնող քաղաքականություն մեր նկատմամբ:

Արման Թաթոյանը նաեւ նշեց, որ  2020-ի ընթացքում կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը մշտական կապ է պահպանել գործընկեր պետական մարմինների հետ: Տեղի են ունեցել տարբեր հարցերով արդյունավետ քննարկումներ Ոստիկանության, Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, Դատախազության, Ազգային անվտանգության ծառայության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ այլ կառույցների հետ: Տարվա ընթացքում այդ գերատեսչություններին հասցեագրվել են տարբեր գրություններ, որոնք վերաբերել են ազատությունից զրկման վայրերում նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման եւ անբարենպաստ հետեւանքներից խուսափելու ուղղությամբ գործադրված քայլերին, պահանջվել են պարզաբանումներ, ինչպես նաեւ արվել են համապատասխան առաջարկներ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պատասխանեց նաեւ պատգամավորների հարցերին, որոնք առնչվում էին ոլորտի բազմաբնույթ խնդիրներին: 


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...