Տպել
03.05.2021
Խորհրդարանը քննարկեց ՀՀ վարչապետի ընտրության հարցը
1 / 15

Մայիսի 3-ին Ազգային ժողովի հատուկ նիստում քննարկվեց ՀՀ վարչապետի ընտրության հարցը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրեց Էդմոն Մարուքյանը: Խմբակցության ղեկավարի գնահատմամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու ճանապարհն առանց այլընտրանք գործընթաց է, եւ ձեռք բերված պայմանավորվածություններն ըստ էության գործում են, որեւէ շեղում չի եղել՝ խորհրդարանի արձակման հետ կապված:

Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ իրենք մշակել են տեքստ եւ կոչ են անում քաղաքական ուժերին միանալու այդ տեքստին՝ արձանագրելով, որ քարոզարշավի ժամանակ քաղաքական միավորներն ատելության խոսք չեն օգտագործելու:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը բարձրաձայնեց Ալեն Սիմոնյանը: ԱԺ փոխնախագահը «Իմ քայլը» խմբակցության անունից շնորհավորեց Մամուլի ազատության օրվա կապակցությամբ՝ ընդգծելով, որ հեղափոխությունից հետո Հայաստանում մամուլի ազատությունն արձանագրել է թռիչքաձեւ աճ:

Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի առաջարկին՝ նա նշեց, որ իրենց խմբակցությունը պատրաստ է քննարկել այն:

ԱԺ նախագահի տեղակալն իրազեկեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը, հավատարիմ մնալով քաղաքական պայմանավորվածություններին, ձեռնպահ կքվեարկի վարչապետի ընտրության հարցին:

Եզրափակիչ ելույթում ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պատգամավորների հարցադրումներին: Խոսելով ՀՀ անվտանգության համակարգից՝ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմից հետո ՀՀ արտաքին անվտանգության համակարգը փոփոխություն չի կրել: Այդ համակարգը հիմնված է եղել հայ-ռուսական համատեղ զորախումբ եւ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ ունենալու վրա: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն տեսակետներին, թե մի շարք որոշումներ անվտանգության նոր սպառնալիք են ստեղծել օրինակ Սյունիքի մարզի համար: Վարչապետի թեկնածուի խոսքով՝ իրականում տեղի է ունեցել հակառակը: ՀՀ բոլոր սահմանների պաշտպանությունն ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ հիմա իրականացվում է հայ-ռուսական համատեղ զորախմբի ուժերով եւ ջանքերով: Բայց դա չի նշանակում, որ բոլոր տեղերում մարտական դիրքեր պետք է դրված լինեն:

Նշվեց, որ Սյունիքի մարզում ռուսական 102-րդ ռազմաբազայի նոր 2 հենակետ է հիմնվել, եւ դրա ստեղծումը լրացուցիչ երաշխիք է Սյունիքի մարզի, նաեւ ՀՀ անվտանգությունն ապահովելու համար: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ անվտանգային համակարգը տարածվել է ՀՀ սահմանների վրա, իսկ սահմանների նկարագրությունը տվել է ՀՀ Ազգային ժողովը 2010 թվականի «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Հայաստանում իշխանությունը չի փոխվելու, որովհետեւ իշխանությունը պատկանում է ժողովրդին, դա անփոփոխելի է»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վարչապետն ընտրվում է անվանական քվեարկությամբ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու:

Խորհրդարանը 0 կողմ, 2 դեմ եւ 78 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանին չընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...