Տպել
04.05.2021
Պատգամավորները դատապարտում են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ճարտարապետության աղավաղումները
1 / 5

Մայիսի 4-ին Ազգային ժողովը գումարեց հերթական նիստերը:

ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագիծը հաստատելու ժամանակ ելույթներ ունեցան ԱԺ պատգամավորները: Նրանք անդրադարձան մայիսի 3-ին Ադրբեջանի կողմից այսպես կոչված «նորոգման աշխատանքների» քողի տակ աղավաղված հայկական հոգեւոր-մշակութային կարեւորագույն արժեքներից մեկին` Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն:

Վլադիմիր Վարդանյան. Ես չեմ կարող չանդրադառնալ այն շարունակական բարբարոսությանը, որը տեղի է ունենում Արցախի օկուպացված տարածքներում, մասնավորապես` Շուշիում: Խոսքը վերաբերում է շինարարական եւ վերանորոգման աշխատանքների շրջանակներում Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը քանդելուն եւ 1992-ի վիճակին վերադարձնելուն: Սա արվում է մի շարք հստակ պատճառներով` վերացնել հայկական ինքնության վերաբերյալ ցանկացած նշույլ, ընդգծել Ադրբեջանի հայատյաց վերաբերմունքը, վերացնել այն ճարտարապետական կոթողը, որը Շուշիում մշտապես լինելու էր բարձր եւ տեսանելի ամեն հատվածից, եւ եւս մեկ անգամ ընդգծել, որ Ադրբեջանը չի ցանկանում որեւէ եղանակով հանդուրժել որեւիցե էթնիկ հայի ներկայությունն այդ տարածաշրջանում:

Լիլիթ Մակունց. Ես նույնպես պետք է անդրադառնամ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու թեմային: Այն, ինչ կազմակերպվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից, միայն կարելի է որակել որպես ռասիստական պետության քաղաքականություն, որն ունի էթնիկ ատելություն հայության նկատմամբ: Այլ բառով որակել Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունը, քան բարբարոսությունն է, հնարավոր չէ: Սա մի պետության քաղաքականություն է, որը տպավորություն է թողնում, որ այդ մարդիկ չունեն մշակութային պատմություն եւ հենց նման մոտեցմամբ էլ վերաբերվում են հայկական մշակույթին` փորձելով վերացնել  բոլոր հետքերը: Կարծում եմ` այս հարցը պետք է լինի բոլոր միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում: Այս հարցը նաեւ պետք է լինի Մինսկի խմբի համանախագահության ուշադրության կենտրոնում` հետագա լուծումների առումով, որովհետեւ հայության նկատմամբ էթնիկ ատելությունը չի կարող չունենալ արձագանք:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան. Կարծում եմ եւ՛ այդ բարբարոսությունը, եւ՛ գերության մեջ կամ այլ կարգավիճակով Ադրբեջանում պահվող հայերի նկատմամբ վերաբերմունքը, եւ՛ խայտառակ պուրակի բացումը Բաքվում հերթական վկայությունն է, որ Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի կազմում անհնարին է, եւ աշխարհը պետք է ճանաչի արցախահայության ինքնորոշման իրավունքը: Սա է այն քաղաքականությունն ու դիրքորոշումը, որը մենք` որպես Հայաստանի Հանրապետություն, ունենք, եւ այստեղ որեւէ փոփոխություն չկա: Մեր միջազգային գործընկերների հետ այս ուղղությամբ պետք է սերտորեն աշխատենք:

Տարոն Սիմոնյան. Այն, ինչ որ տեղի է ունեցել Շուշիում եւ Արցախի օկուպացված մյուս տարածքներում, ցեղասպան քաղաքականության շարունակությունն է, եւ այդ քաղաքականությունը դրսեւորվում է էթնիկ զտումներով, գերիների նկատմամբ նման վերաբերմունքով, ինչին մենք ականատես ենք եղել: Սա մեկ անգամ եւս փաստում է, որ որեւէ քաղաքական գործիչ ՀՀ-ում, որի խոսքը հանրային նշանակություն ունի, իրավունք չունի բարեկամական հարաբերությունների մասին խոսելու Ադրբեջանի հետ: Այն մի պետություն է, որը նման ցեղասպան քաղաքականություն է վարում: Մենք պետք է մեր դիրքորոշումները հստակեցնենք եւ պարզ լինենք միջազգային հանրության առջեւ, որպեսզի նրանք արձագանքեն Ադրբեջանի հակահայկական քաղաքականությանը: 


20.06.2024
Ազգային ժողովում մեկնարկել է «Բարեվարքության համակարգը հանրային ծառայությունում» թեմայով վերապատրաստման դասընթացը
Ազգային ժողովի աշխատակազմն ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ (USAID) միջազգային գործընկերների աջակցությամբ հունիսի 19-21-ը կազմակերպել է «Բարեվարքության համակարգը հանրային ծառայությունում» թեմայով վերապատրաստման դասընթաց՝ միտված ԱԺ աշխատակազմի պետական ծառայողների կարողությունների բարելավմանը: ԱԺ աշխատակազմի ղե...

20.06.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է մեր երկրում Բրազիլիայի դեսպանին
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը կարեւորել է հայ-բրազիլական միջխորհրդարանական հարաբերությու...

20.06.2024
Չինաստանի հետ հարաբերությունները ՀՀ-ի արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններից են. Հակոբ Արշակյանը՝ Լոու Ցինծյանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Պեկինում հունիսի 19-ին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու ...

20.06.2024
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է հայկական գրքերի շնորհանդեսին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է հայկական գրքերի շնորհանդեսին: Այն տեղի է ունեցել Պեկինի գրքի 30-րդ միջազգային փառատոնի շրջանակում, որտեղ ներկայացված էին ավելի քան 220 հազար չինարեն եւ օտար լեզուներով գրքեր: Փառատոնին ներկայացված էին հայերենից...