Տպել
04.05.2021
Քննարկվեց «ՀՀ քրեական օրենսգիրք» օրենսդրական փաթեթը
1 / 4

Մայիսի 4-ին գումարված ԱԺ հերթական նիստերի օրակարգում էր Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգիրք» օրենքի նախագիծը, ««ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» եւ ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը:

Հիմնական զեկուցող, Արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ հարցի առնչությամբ եղել են մի շարք հանդիպումներ, քննարկումներ, ինչի արդյունքում փաթեթը էապես լրամշակվել եւ կատարելագործվել է: Հստակեցվել են օրենսգրքում առկա սկզբունքները եւ դրանց իրացման պայմանները, փոփոխություններ են կատարվել հանցագործությունների դասակարգման մեջ: Ակնկալվում է, որ նախատեսվող վարույթներով դատավարական ձեւի պարզեցումը կնպաստի դատարանների եւ քրեական հետապնդում իրականացնող մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաեւ հանցագործություններին առավել արագ եւ օպերատիվ արձագանքելուն, գործերն առավելագույն տնտեսման պայմաններում արդյունավետ քննելուն եւ լուծելուն:

Արմեն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ անցումային դրույթներով սահմանվել է, որ Քրեական օրենսգիրքը ուժի մեջ կմտնի 2022-ի հուլիսից:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը հարակից զեկուցմամբ ներկայացրեց Սերգեյ Ատոմյանը: Նշվեց, որ գործող Քրեական օրենսգիրքն ընդունվել է 2003-ին,  եւ առաջացել են ժամանակային խնդիրներ: