Տպել
04.05.2021
Թիվ 29 ավագ դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները ԱԺ-ում էին
1 / 42

ՀՀ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում մայիսի 4-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հանդիպեց  Երեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ:

«Ինձ համար խորհրդանշական դպրոց եք ներկայացնում: Ինքս ուսանել եմ թիվ 30 դպրոցում, որը հետագայում վերամիավորվեց թիվ 29 դպրոցին եւ այսօր միասնական գործունեություն են իրականացնում: Ձեր դպրոցը շատ անվանի շրջանավարտներ է ունեցել: Վստահ եմ, որ ձեզնից շատերի անուններն էլ տեղ կգտնեն այդ ինքնատիպ, հետաքրքիր մարդկանց անվանացանկում»,- ասաց Վահե Էնֆիաջյանը:

Նա դպրոցականներին ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը, խորհրդարանում ընդգրկված իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը, մշտական հանձնաժողովների աշխատանքը, օրինագծերի մշակման, քննարկման եւ ընդունման ընթացակարգերը:

Դպրոցականների հարցերը հիմնականում վերաբերում էին կրթական համակարգում սպասվող փոփոխություններին, երկրի անվտանգությանը, առաջիկայում սպասվող արտահերթ ընտրություններին:

Ավագ դպրոցի սաները խոսեցին տասնամյա կրթական համակարգին վերադառնալու հարցի մասին՝ նշելով, որ 12-ամյա կրթական համակարգն այնքան էլ արդյունավետ չէ: Վահե Էնֆիաջյանն ասաց, որ բազմիցս քննարկվել է բոլոնյան համակարգի արդյունավետության հարցը: ԱԺ փոխնախագահը կարեւորեց մասնագիտություն ընտրելու հարցում ճիշտ կողմնորոշվելու հանգամանքը:

Վահե Էնֆիաջյանն անդրադարձավ նաեւ «Զինապարտության մասին» օրենքում կատարված փոփոխություններին՝ պարզաբանելով աշակերտներին հետաքրքրող հարցերը:

Դպրոցականներն ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետեւեցին խորհրդարանում ընթացող նիստի աշխատանքներին, լուսանկարվեցին նիստերի դահլիճում, այցելեցին ԱԺ գրադարան եւ թանգարան:

Նրանց հետաքրքրքում էր նաեւ Ազգային ժողովի պատմությունը, շենքի ճարտարապետությունը, որի վերաբերյալ ստացան ամփոփ տեղեկատվություն, ծանոթացան ԱԺ թանգարանում ներկայացված ցուցանմուշներին, հուշանվերներին: