Տպել
05.05.2021
Խորհրդարանը քննարկեց «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող լրացումը
1 / 1

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի ներկայացմամբ խորհրդարանը մայիսի 5-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց ««ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախաձեռնությամբ սահմանվում են ՀՀ-ում բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ներդրման նպատակները, ռեեստրում ներառման ենթակա տեղեկությունների շրջանակը, ինչպես նաեւ ԿԲ խորհրդի լիազորությունը` սահմանելու այդ ռեեստրի վարման, ներառման ենթակա նույնականացման տեղեկությունների ցանկը, այդ թվում` հաշվետվությունների տեսքով տեղեկությունների տրամադրման կարգը եւ ժամկետները:

Երիցյանի խոսքով` ռեեստրը ստեղծվում է ԿԲ նպատակների եւ գործառույթների իրականացման համար, ինչպես նաեւ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքով սահմանված կարգով ներպետական իրավասու մարմինների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով:

«Ռեեստրում ներառվող տեղեկատվությունները շարունակվելու են համարվել բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ: Դրանից տեղեկությունների ստացման իրավասություն ունեցող մարմինների շրջանակը մնում է նույնը»,- հավելեց զեկուցողը:

Գլխադասային` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Եղիշե Սողոմոնյանը: Ըստ նրա` առաջարկվող փոփոխությունները հնարավորություն են տալիս կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ունենալու նոր գործիքակազմ: Պատգամավորը կոչ արեց կողմ քվեարկել նախաձեռնությանը: