Տպել
06.05.2021
Օլիմպիադայի հաղթողները բացահայտեցին բուհից գիտություն անցումը
1 / 31

Հայաստանի տարբեր մարզերում գերազանց առաջադիմությամբ սովորող բարձր դասարանների աշակերտները տարբեր դպրոցներից են, տարբեր բնակավայրերից, ունեն տարբեր նախասիրություններ, կյանքին նայում են տարբեր տեսանկյուններից: Բայց նրանք բոլորն էլ ունեն մեկ ընդհանրություն՝ հաղթել են կենսաբանության առարկայի հանրապետական օլիմպիադայում:

Աշակերտները թեեւ փայլուն տիրապետում են կենսաբանություն առարկային, բայց գիտեն դրա միայն տեսական հատվածը: Այդ խնդիրը շտկելու համար ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը մայիսի 5-ին նրանց հրավիրեց ԵՊՀ-ի Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների եւ կենսավառելիքի նորարարական կենտրոն: 

Կենտրոնում աշակերտներին դիմավորեց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը եւ անձամբ ներկայացրեց գերժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնը, որտեղ միջազգային չափանիշներով փորձեր անելու համար ապահովված են անհրաժեշտ բոլոր պայմանները: Փոխնախարարի կարծիքով՝ շատ կարեւոր է, որ դպրոցից սկսվի աշակերտների ծանոթությունը բուհերի ու հատկապես նման նորարարական լաբորատորիաների հետ: Դա կօգնի նրանց հասկանալ եւ ապագայում ճիշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում:

Հանրապետական օլիմպիադայի հաղթողների համար անակնկալ էր ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի հետ հանդիպումը: Նա մասնագիտական գրքեր նվիրեց աշակերտներին՝ համոզմունքով, որ մի օր կդառնան թիրախային ընթերցող: Աշակերտներին հատկապես հետաքրքրել էր գենետիկ հիվանդություններն ուսումնասիրող լաբորատորիայի աշխատանքը: Նրանք բազմաթիվ հարցեր ուղղեցին նաեւ COVID 19-ի վերաբերյալ:

Շրջելով ինստիտուտի փորձագիտական սենյակներով՝ աշակերտների ոգեւորությունը րոպե առ րոպե աճում էր: Սկզբում նրանք կարծես թե ունենին մասնագիտական հստակ կողմնորոշում՝ ապագա բժիշկներ են, բայց հանդիպման վերջում  սկսեցին երկմտել: Այցը գիտական կենտրոններ շրջեց նրանց մասնագիտական կողմնորոշումը դեպի գիտություն:

ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը հենց այս նպատակով էլ կազմակերպել էր աշակերտների շրջայցերը: Պատգամավորը նշեց, որ նման այցերը կլինեն շարունակական:

Կենսաբանության օլիմպիադայի հաղթողների համար անակնկալը միայն մասնագիտական կենտրոններ այցով չսահմանափակվեց: Նրանք հյուրընկալվեցին նաեւ երկրի գլխավոր կառույցներից մեկում՝ օրենսդիր մարմնում:  Ազգային ժողովում նրանց հետ զրուցեց Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Այնուհետեւ եղան խորհրդարանի թանգարանում ու գրադարանում: