Տպել
19.10.2005
Ինչպես է լուծվելու հինգ տարեկան երեխաների ուսուցման խնդիրը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտաարդության հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 19-ի նիստում քննարկվեց ՀՀ կառավարության կողմից երկրորդ ընթերցման ներկայացված «Նախադպրոցական կրթության մասին» օրինագիծը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը տեղեկացրեց, որ երկարատեւ քննարկման արդյունքում, հանձնաժողովի առաջարկների հաշվառումով օրինագիծը բարելավվել է: Հիմնական խնդիրներից մեկը վերաբերում էր 5 եւ 6 տարեկան երեխաների ուսուցմանը. որոշվել է հիմնական կրթությունը սկսել 6 տարեկանից, այսինքն` 6 տարեկանները հաճախելու են առաջին դասարան:5 տարեկանները հասցեական նպատակային ծրագրով երեքամսյա դասընթացներ կանցնեն նախադպրոցական ուսումնական հաստատությունում:

Հանձնաժողովի փոխնախագահ Ռուբեն Հովսեփյանը  եւ հանձնաժողովի անդամ Մկրտիչ Մինասյանը մտահոգություն հայտնեցին, որ 5 տարեկան երեխաների համար նախատեսվող դասընթացները համընդհանուր, պարտադիր բնույթ չեն կրելու, ինչը անհավասար վիճակ է ստեղծելու դպրոց հաճախող երեխաների համար, ծրագիրը չի իրականանա հատկապես Երեւանից դուրս գտնվող մոտ 300 համայնքներում, որոնք  չունեն մանկապարտեզներ:

Պարոն Երիցյանը նկատեց, որ ներկայցված օրենքի նախագիծը պարտադիր ուսուցման հնարավորություն է տալիս, իսկ խնդրի մասնակի լուծումը պայմանավորված է ֆինանսական հատկացումների սղությամբ` հույս հայտնելով, որ մոտակա տարիներին պետական ֆինանսավորման պարագայում խնդիրը դրական լուծում կստանա:

ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանն առաջարկեց անցման շրջանում բացը լրացնել 5 տարեկան երեխաների համար հեռուստատեսային ուսումնական հաղորդում կազմակերպելով,  ինչը նախարարը ընդունելի համարեց եւ հավաստիացրեց, որ այդ հարցը կքննարկի հանրային հեռուստատեսության ղեկավարության հետ: