Տպել
20.10.2005
«Արդարություն» խմբակցության պատգամավոր Շավարշ Քոչարյանի մամլո ասուլիսը

Հոկտեմբերի 20-ին հրավիրած մամլո ասուլիսում «Արդարություն» խմբակցության պատգամավոր Շավարշ Քոչարյանն անդրադարձավ Հայաստանի տնտեսական զարգացմանը սպառնացող վտանգներին: Նա տեղեկացրեց, որ Ադրբեջանի ռազմական ծախսերի համար հատկացված 650 մլն դոլարը մեր բյուջեի 68 տոկոսն է: Ըստ պարոն Քոչարյանի` Կասպից ծովի հատակով նավթի մղումը Բաքու-Ջեյհան նավթատար ենթադրում է Ադրբեջանի բյուջեի եւ ռազմական ծախսերի կտրուկ աճ: Շավարշ Քոչարյանը երկրի կայունացմանը որպես վտանգ`  մատնանշեց Ադրբեջանի քաղաքական գործիչների ռազմատենչ հայտարարությունները, արտագաղթը երկրից, Թուրքիայի օգնությունը Ադրբեջանի իշխանություններին` Թուրքիան 170 մլն հատկացրել է Ադրբեջանի պաշտպանությանը, աջակցում է սպաների պատրաստմանը: ԱԺ պատգամավորի կարծիքով Եվրոպային ինտեգրվելը ՀՀ անվտանգության երաշխիքներից մեկն է: Նշվեց, որ արդար ընտրությունների անցկացման պայմանը Եվրախորհրդի 46 երկրներից անտեսվել է միայն Հայաստանում եւ Ադրբեջանում: Պարոն Քոչարյանի բնորոշմամբ` միայն ժողովրդավարություն տանող քայլերը մեզ կդարձնեն եվրաընտանիքի անդամ: Նշվեց, որ երկրի տնտեսության զարգացումը երաշխիք է բանակի հզորացման եւ ռազմական ծախսերի ավելացման:Շավարշ Քոչարյանի գնահատմամբ` տնտեսության զարգացման համար անհրաժեշտ են արդար մրցակցության պայմաններ, արդար դատական համակարգ, ժողովրդավարության խորացում, հրաժարում ավտորիտար համակարգից: Նոր տեխնոլոգիաների զարգացման համար չկան փաստացի նախադրյալներ: Պարոն Քոչարյանը չժխտեց, որ հանրաքվեի դրված Սահմանանադրության փոփոխությունների նախագիծը քայլ առաջ է գործող տարբերակից, բայց, ըստ նրա, մենք գտնվում ենք կիսաքայլերի դաշտում. երկրի առջեւ ծառացած մարտահրավերները թույլ չեն տալիս փոփոխություններ անել, որոնք ամբողջական չեն կարող լինել եւ պահպանում են ավտորիտար լծակների իշխանությունը: Հանրաքվեի արդյունքների կեղծումը, Շավարշ Քոչարյանի համոզմամբ, վտանգավոր է. այն խթանելու նաեւ խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծումը: ԱԺ պատգամավորի կարծիքով հանրաքվեի տապալումն ունի իր դրական կողմերը` կանցկացվեն թափանցիկ, բաց քննարկումներ, երկխոսությանը մասնակից կդառնան ոչ միայն ընդդիմությունը եւ իշխանությունը, այլ քաղաքացիական հասարակությունը, քայլեր կձեռնարկվեն ժողովրդի շրջանում ընտրական ինստիտուտների նկատմամբ ժողովրդի վստահությունը բարձրացնելու համար եւ այլն: «Մենք վտանգված ենք եւ կիսաքայլերով չենք կարող լուծել առկա խնդիրները. մեզ անհրաժեշտ են ամբողջական քայլեր»,-եզրակացրեց պարոն Քոչարյանը:

«Արդարություն» խմբակցության նիստին դուք եւ Վազգեն Մանուկյանը դեմ եք քվեարկել Սահմանադրության փոփոխությունների փաստաթուղթն ընդունելուն: Դուք «այո», թե «ոչ» եք ասելու նախագծին»,-հետաքրքրվեց «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը: Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ իրենք «այո» չեն ասում, քանի որ նախագիծը թերի է, «ոչ» չեն քարոզում, որովհետեւ գործողի համեմատ քայլ առաջ է:

Պարոն Քոչարյանը պատասխանեց նաեւ այլ հարցերի: