Տպել
07.05.2021
Գլխավոր ճարտարապետի գործառույթները կվերապահվեն Երեւանի փոխքաղաքապետին
1 / 5

Կառավարության հեղինակած «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» եւ կից այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացում նախատեսող օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվեց մայիսի 7-ի ԱԺ նիստում:

Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի` առաջարկվում է ավելացնել Երեւանի փոխքաղաքապետերի թիվը` չորսը դարձնելով հինգ: Նախատեսվում է օրենքի կարգավորումներից հանել գլխավոր ճարտարապետի հայեցողական պաշտոնը:

Նախաձեռնության ընդունումից հետո գլխավոր ճարտարապետի գործառույթներով զբաղվելու պատասխանատվությունը կվերապահվի նոր հաստիքով ստեղծվող փոխքաղաքապետին:

Գլխադասային` ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Սերգեյ Մովսիսյանը: Նա կոչ արեց կողմ քվեարկել նախաձեռնությանը: