Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպան Պանայոտա Մավրոմիխալիին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-հունական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր, շեշտադրվեց խորհրդարանների միջեւ կապերի ամրապնդումը, քանի որ խորհրդարանները ժողովրդավարության սիրտն են: Փոխադարձաբար կարեւորվեց Հայաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումների հաջողությունը, որը դեսպանի խոսքերով` Հայաստանը կմոտեցնի եվրոպական չափանիշներին: Տիկին Մավրոմիխալին նշեց, որ իր դիվանագիտական առաքելության նպատակն է առավել սերտացնել հայ-հունական հարաբերությունները` օգտագործելով առկա ներուժը:
Անդրադարձ եղավ նաեւ առաջիկայում Հունաստանի խորհրդարանական պատվիրակության այցին, որը կմասնակցի Հայաստանի խորհրդարանի 15-ամյակի տոնակատարությանը: