Տպել
21.10.2005
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի մամլո ասուլիսը

Հոկտեմբերի 21-ին, ԱԺ քառօրյա նիստերին նախորդող աշխատանքային խորհրդակցությունից հետո, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱԺ պետական-իրավականհարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանն անդրադարձավ հոկտեմբերի 24-27-ը տեղի ունենալիք ԱԺ աշնանային նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգային հարցերին:

Քառօրյայի օրակարգում ընդգրկվելու է 50 հարց, վավերացման կներկայացվեն17 միջազգային պայմանագրեր:  Oրակարգի նախագծում ընդգրկվել են հատկապես սոցիալական ոլորտի հարցեր:Պարոն Պետրոսյանը կարեւորեց օրակարգի նախագծում`  «ՀՀ 2006 թվականի բյուջեի մասին» եւ«ՀՀ քաղաքացիների խնայողական ավանդների վերականգնման եւ պաշտպանության երաշխիքների մասին» օրինագծերը: «2006 թվականի բյուջեի քննարկումներին մասնակցել են բոլոր հանձնաժողովները, ԱԺ խումբ- խմբակցությունները ներկայացրել են իրենց առաջարկությունները»,- ասում է Ռաֆիկ Պետրոսյանը:  Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ ինքը Նոր Նորքի մի քանի դպրոցների վերանորոգման համար առաջարկություններ է արել: Տեղեկացվեց, որ կառավարական ապարատի ուռճացում չի եղել: «Նոր սարքավորումների ձեռքբերման, պետծառայողների աշխատավարձերի բարձրացման եւ սոցիալական ապահովության գումարների բարձրացման համար կնախատեսվեն որոշակի գումարներ»,- ասում է պարոն Պետրոսյանը: Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը 2006 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ասել է, որ հատկացվող գումարը բավարար չէ ինստիտուտի ամբողջական գործունեություն ծավալելու եւ մարզերում ներկայացուցչություններ ունենալու համար: Նախորդ տարվա համեմատությամբ մարդու իրավունքների ինստիտուտին հատկացվող գումարը այս տարի ավելացել է 40 մլն դրամով:

Քաղաքացիների խնայողական ավանդների վերադարձման համար պարոն Պետրոսյանի կարծիքով ուշադրության կենտրոնում պետք է լինեն մահացածների ժառանգները, փոխհատուցումը կարեւոր է նրանց համար գերեզմանը կառուցելու, հուշակոթող կանգնեցնելու համար: «Շանթ» հեռուստաընկերության լրագրողի հարցին, թե ինչպես են հաշվել մարդու իրավունքների ինստիտուտի ծախսերը, պարոն Պետրոսյանը պատասխանեց, որ հաշվել են տարբեր նպատակներով ծախսված, ինչպես նաեւ գործուղումների համար հատկացված գումարները: Իսկ ինստիտուտին հատկացված գումարը լիովին բավարարում է անհրաժեշտ ծախսերի համար: