Տպել
18.05.2021
ԱԺ պատգամավորն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում
1 / 8

Մայիսի 17-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն աշխատանքային շրջայց կատարեց Շիրակի մարզի համայնքներում: Մեկնարկը տրվեց Ազատան համայնքից:

Պատգամավորը եղավ տեղի մարզադպրոցում, ծանոթացավ շենքային վատթար պայմաններին: Ազատան համայնքի ղեկավարը բարձրացրեց մարզադպրոցի վերանորոգման հարցը:

ԱԺ պատգամավորն ընդգծեց համայնքներում սպորտի դերի բարձրացման եւ  ամրապնդման քաղաքականության իրականացման կարեւորությունը: Նազելի Բաղդասարյանը խոստացավ, որ պետական բյուջեից գումար կհատկացվի  մարզադպրոցի վերանորոգման աշխատանքների համար:

«Ուժեղ պետության հիմքում ուժեղ համայնքն է: Մեր ջանքերը պետք է ուղղված լինեն համայնքների կայուն զարգացմանը»,-շեշտեց պատգամավորը:

Հաջորդ կանգառը մարզային իշխանությունների հետ այցն էր Շիրակի մարզի Երազգավորս եւ Բայանդուր համայնքներ: Պատգամավորը հանդիպեց տեղի բնակիչներին, զրուցեց նրանց հետ համայնքների զարգացման ծրագրերի շուրջ, պատասխանեց մի շարք հարցերի: Համայնքի բնակիչներն առանձնացրին իրենց հուզող խնդիրները: Երազգավորսը կարիք ունի նոր մանկապարտեզի, բայանդուրցիներն էլ շեշտեցին նոր դպրոց ունենալու անհրաժեշտությունը:

Նազելի Բաղդասարյանը ծանոթացավ նաեւ համայնքներում իրականացվող պետական եւ սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Պետական աջակցությամբ սուբվենցիոն ծրագրով 2020-ին Երազգավորսում ասֆալտապատվել է կենտրոնական մուտքի թիվ 8-րդ փողոցը, նորացվել են ոռոգման համակարգի խողովակները: Բայանդուր համայնքում եւս 2020-ին մի շարք սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել: Մասնավորապես, պետության համաֆինանսավորմամբ համայնքը վերջապես գազաֆիկացվել է, հիմնանորոգվել են մշակույթի տունն ու համայնքապետարանը, կառուցվել է 1500 մետր երկարությամբ ոռոգման ինքնահոս փակ համակարգի պլաստիկ խողովակաշար: