Տպել
24.10.2005
«Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացումը քաղաքական առաջնահերթություն է Հայաստանի համար»

Հոկտեմբերի 24-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Եվրոպական Միության Եռյակի պատվիրակությանը` Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Եվրամիության եւ Հարավային Կովկասի երկրների, մասնավորապես Հայաստանի հետ փոխհարաբերությունների ներկա վիճակին եւ զարգացմանն առնչվող հարցեր: Ի պատասխան` պարոն Ֆոլը նշեց, որ Եվրամիությունում  եւս գտնում են, որ անհատական գործընկերության ծրագրերը սպասվածից դանդաղ են առաջ շարժվում եւ այցի նպատակներից մեկն էլ այդ ծրագրերը խթանելն է, քանի որ ԵՄ-ում իրոք ցանկանում են արագացնել փոխհարաբերությունների զարգացումը:

Հյուրի խնդրանքով` Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը իրազեկեց Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացի մասին` ընտրական օրենսգրքի, սահմանադրության փոփոխությունների ու արդեն նշանակված հանրաքվեի: Խորհրդարանի նախագահը նշեց, որ Հայաստան-ԵՄ զարգացող հարաբերությունները Հայաստանում դիտվում են իբրեւ քաղաքական առաջնահերթություն եւ քաղաքական դաշտը եւս սպասում է սկսված գործընթացի շարունակությունը, Արթուր Բաղդասարյանի համոզմամբ` անհատական գործընկերության ծրագրի զարգացումըչպետք է կապել Ադրբեջան-Կիպրոս փոխհարաբերությունների հետ եւ հնարավորինս արագ հարկ է ձեռնամուխ լինել ծրագրի իրականացմանը, որը մեզ ավելի կմոտեցնի Եվրամիությանը:

Երկուստեք կարեւորվեցին սահմանադրական բարեփոխումները Հայաստանում, նշվեց, որ բարեփոխումները արժանացել են միջազգային կառույցների դրական գնահատականին:

Խորհրդարանի նախագահը կարեւորեց ժողովրդավարության զարգացումը ամբողջ տարածաշրջանում եւ ընդգծեց, որ Հարավային Կովկասի երեք հանրապետությունները միասնական շուկա են դիտվում, ուստի անթույլատրելի է տնտեսական ծրագրերից մեկ երկրի մեկուսացումը, մասնավորապես Թուրքիա-Վրաստան նոր երկաթուղագծի կառուցումը, երբ կա արդեն գործող երկաթուղի` Հայաստանի տարածքով, եւ այս հարցերում պետք է դրսեւորվի Եվրամիության դիրքորոշումը:

Միջխորհրդարանական համագործակցության առումով կարեւորվեց 2007-ից Հարավային Կովկասի խորհրդարանական վեհաժողովի ստեղծումը, որը խնդիրները համատեղ քննարկելու լավ հնարավորություն է ՀԿ-ի երկրների համար: Անդրադարձ եղավ նաեւ հայ-թուրքական հարաբերություններին եւ տարածաշրջանային գործընթացներին` խաղաղության հաստատման եւ քաղաքական-տնտեսական համագործակցության զարգացման առումով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր: