Տպել
24.10.2005
Միջխորհրդարանական միության 113-րդ վեհաժողովը

Հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ ԱԺ գիտության,  կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի    նախագահ Հրանուշ Հակոբյանի  եւ  պատգամավոր Ալեքսան Կարապետյանի մամլո ասուլիսը` Միջխորհրդարանական միության 113-րդ վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության կատարած աշխատանքի մասին:

ՀՀ ԱԺ-ն Միջխորհրդարանական միությանն անդամակցում է 1995 թվականից: Միջխորհրդարանական միությունն ունի երեք մշտական հանձնաժողով` Խաղաղության եւ միջազգային անվտանգության, Կայուն զարգացման, ֆինանսների եւ առեւտրի, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների: Գործում են նաեւ ժամանակավոր հանձնաժողովներ. հատուկ ուշադրության է արժանի Կին խորհրդարանականների համակարգող հանձնաժողովը, որն ունի տասներկու անդամ: Արդեն երկրորդ անգամ այդ կոմիտեի անդամ է ԱԺ պատգամավոր, ԱԺ պատվիրակության ղեկավար Հրանուշ Հակոբյանը:

Տիկին Հակոբյանը նշեց, որ վեհաժողովի օրակարգում ընդգրկված էին խորհրդարանի եւ զանգվածային լրատվամիջոցների դերին,հանրության տեղեկացվությանը, միգրացիային եւ զարգացմանը, քաղաքացիական հասարակության կարեւորությանը վերաբերող հարցեր: Հրանուշ Հակոբյանի հաղոր դմամբ` նիստին քննարկվել են գենդերային գործընկերության խմբի աշխատանքը, կին պատգամավորների 10-րդ հանդիպման արդյունքները, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի կանխարգելման հարցեր, հաջորդ տարի Քենիայում կայանալիք ՄՄ-ի 114-րդ վեհաժողովում կին խորհրդարանականների 11-րդ հանդիպման օրակարգի նախապատրաստման եւ այլ խնդիրներ:

Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ Խաղաղության եւ միջազգային անվտանգության հարցերի հանձնաժողովում իրելույթը նվիրված է եղել հանրությանն անաչառ եւ օբյեկտիվ տեղեկություններ տրամադրելու` պատգամավորների եւ ԶԼՄ-ների դերակատարությանը, հատկապես զինված հակամարտության եւ ահաբեկչության դեմ պայքարում: Ադրբեջանի պատվիրակության կին անդամն իր ելույթում բարձրացրել է գրավյալ տարածքների, փախստականների, ենթադրյալ հայ ահաբեկիչների հարցը:

ՀՀ Աժ պատվիրակությունը մասնակցել է «Եվրասիա» աշխարհաքաղաքական խմբի նիստին, որի ժամանակ խմբի անդամները հանդիպել են Միջխորհր դարանական միության նախագահի թեկնածուների` Բելգիայի խորհրդարանի անդամ Վերսնիկի եւ Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Կազինիի հետ:

Միմյանց հետ խորհրդակցելուց հետո Պակիստանը, Հնդկաստանն ու Մեքսիկան համատեղ ներկայացրել են «Բնական աղետներ: Խորհրդարանների դերը կանխարգելման, վերականգնման, վերակառուցման եւ խոցելի խմբերի պաշտպանության գործում» հարցը, որն ընդունվել եւ քննարկվել է իբրեւ հրատապ հարց:

Հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Միության կին պատգամավորների հանդիպումը ԱՄ-ի նախագահի թեկնածուներ` Վերսնիկի ու Կազինիի հետ, որի ընթացքում թեկնածուներին իր հարցն է ուղղել նաեւ Հրանուշ Հակոբյանը` կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության, թրա ֆիքինգի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար առաջարկված միջոցառումների մասին:

«Եվրասիա» աշխարհաքաղաքական խմբի գումարած նիստում քվեարկությամբ որոշվել է խմբի համակարգողի պարտականությունները դնել Բելառուսի պատգամավորական խմբի վրա:

Վեհաժողովի ընթացքում տիկին Հակոբյանը հանդիպել է Լատվիայի խորհրդարանի նախագահ Ինգրիդե Ուդրեի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Նորվեգիայի, Ճապոնիայի խորհրդարանների պատգամավորների հետ:

Հրանուշ Հակոբյանը մասնակցել է նաեւ Միջխորհրդարանական միության եւ ՄԱԿ-ի Կանանց առաջխաղացման բաժնի կազմակերպած սեմինարին, որը նվիրված էր «Կանանց դեմ խտրականության վերացման բոլոր ձեւերի» կոնվենցիայի իրականացմանը, խորհրդարանների եւ պատգամավորների դերակատարությանը:

Միջխորհրդարանական միության նախագահ է ընտրվել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Պիեռ Ֆերդինանդո Կազինին, որը երեք տարի կղեկավարի միությունը: Տեղեկացվեց, որ Միջխորհրդարանական միության հաջորդ` 114-րդ վեհաժողովը տեղի կունենա 2006թ. մայիսի 7-12-ը Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում: