Տպել
24.10.2005
«Գյուղական ձեռնարկությունների զարգացման ծրագիրը չի կարելի դարձնել բանկերի զարգացման ծրագիր»

Հոկտեմբերի 24-ին սկսված հերթական քառօրյայում ԱԺ պատգամավորները նիստի օրակարգը եւ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին Ազգային ժողովի որոշումը հաստատելուց հետո քվեարկությամբ ընդունեցին նախորդ քառօրյայում քննարկված 14 օրենքի նախագծերը:

Այնուհետեւ քննարկվեց Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրված «Գյուղական ձեռնարկությունների եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսական զարգացման ծրագիր» համաձայնագիրը, որը ներկայացրեց գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը: Համաձայնագրի նպատակը գյուղական ձեռնարկությունների եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի իրականացման համար վարկի տրամադրումն է: Ծրագրի նպատակն է աջակցել փոքր եւ միջին ծավալի գյուղական ձեռնարկությունների զարգացմանը` մեծացնելով ֆերմերների եւ գյուղական ձեռներեցների` շուկա մուտք գործելու կարողությունը, խթանելով գյուղական վայրերում շուկայական կողմնորոշում ունեցող մասնավոր եւ պետական ներդրումները: Ի պատասխան ԱԺ պատգամավորների հարցերի` բանախոսը տեղեկացրեց, որ վարկի բաշխումը կատարվել է լեռնային եւ բարձրլեռնային մարզերում աղքատության հաշվառումով, ուստի ավելի շատ գումարներ ստանալու են Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերը, այնուհետեւ Վայոց ձորը եւ Տավուշը: Առանց գրավադրման հնարավոր չէ վարկ տրամադրել, բայց պետությունն ունի փոքր ձեռնարկությունների զարգացման ծրագրեր, որը գրավադրման որոշակի տոկոսներ է երաշխավորում: Մշակվում է նաեւ ծրագիր, որը նախատեսում է պետության կողմից70 տոկոս երաշխիքային պարտավորություն: Կախված գյուղական տնտեսություններին տրամադրվող վարկի մեծությունից` տոկոսադրույքները տարբեր կլինեն, մասնավորապես երկարաժամկետ վարկերի դեպքում այն չի գերազանցի տարեկան 10 տոկոսը:

Կարեւորելով համաձայնագիրը` Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյան ը մտահոգիչ համարեց գրավադրման խնդիրը` նկատելով, որ կարելի է ստեղծել պետական երաշխիքային հիմնադրամներ այս հարցը լուծելու համար: Հակառակ դեպքում վարկ վերցնելը կմնա հարուստների մենաշնորհը, քանի որ միայն նրանք կունենան գրավադրման միջոցներ: Պարոն Բաղդասարյանը կարեւորեց նաեւ բանկային տոկոսադրույքների ցածր լինելը. պետությունը կենտրոնական բանկի հետ միասին պետք է ապահովի, որ այն ոչ թե դառնա բանկերի, այլ գյուղական տնտեսությունների զարգացման ծրագիր: Բանախոսը ծրագրի արդյունավետություննու նպատակային լինելը պայմանավորեց վարկի բաշխման մասին իրազեկմամբ, մատչելիությյամբ ու հավասարաչափ բաշխման սկզբունքի կիրառմամբ:

ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը ողջունեց գյուղական տնտեսությունների զարգացման` կառավարության մոտեցումը, վարկի արդյունավետ օգտագործման նպատակով խորհրդի ստեղծումը եւ պատգամավորների ներգրավումը այդ խորհրդում` նպատակահարմար գտնելով գրավի երաշխավորման պետական աջակցությունը: Տիկին Հակոբյանը գյուղատնտեսության զարգացման համար կարեւոր համարեց ճանապարհների եւ ոռոգման ցանցերի վերականգնումն ու գյուղսարքավորումների համալրումը:

ԱԺ պատգամավոր Վռամ Գյուլզադյանը նկատեց, որ հարյուրավոր գյուղացիական տնտեսություններ տուժել են վարկային տոկոսի բարձր լինելու, բնական աղետների ենթարկվելու պատճառով: Ըստ նրա` ապահովագրական ֆոնդ պետք է ստեղծել բնական աղետների վնասները փոխհատուցելու համար:

ԱԺ պատգամավոր Մեխակ Մխիթարյանը նպատակահարմար համարեց ներդրումներ անել բարձր լեռնային համայնքների ինֆրակառույցների զարգացման համար: Նա առաջարկեց բնական աղետի պատճառով բերքը կորցրած գյուղացուն վարկի վճարման ժամկետը երկարաձգելու հնարավորություն տալ:

ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը կարեւորեց գյուղմթերքներվերամշակող փոքր տնտեսությունների հիմնումն ու բնական աղետների դեպքումվարկը մարելու աջակցությունը գյուղացուն:

Աժ պատգամավոր Սամվել Բալասանյանը նկատեց, որ պետք է ստեղծել գյուղացիական տնտեսությունների զարգացման համալիր ծրագիր եւ վերամշակող ձեռնարկությունների հիմնումը խթանել ցածր տոկոսադրույքների ներդրմամբ:

Առաջին ընթերցմամբ քննարկվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւսոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը` տեղեկացնելով, որ 2004 թ. հունվարին 13 հազ. դրամ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը ներկայացված օրինագծով կավելանա երկու հազար դրամով, ինչը գալիք տարվա պետական բյուջեի ծախսային մասը կավելացնի 250 մլն դրամով:

ԱԺ պատգամավորներ Հմայակ Հովհաննիսյանն ու Արամ Գասպարի Սարգսյանը նկատեցին, որ սոցիալական բեւեռացման եւ ներկա գնաճի պայմաններում երկու հազար դրամ ավելացումը հարց չի լուծում. կենսապահովման նվազա գույն զամբյուղն ապահովելու համար պետք է գործող նվազագույն աշխատավարձը կրկնապատկել:

ԱԺ պատգամավորները քննարկեցին նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Նախադպրոցական կրթության մասին» օրինագիծը, իսկ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը կշարունակվի հոկտեմբերի 25-ի նիստում: