Տպել
25.05.2021
Քաղաքացիներն առավել քաղաքակիրթ պայմաններում կկարողանան թարմացնել իրենց ավտոմեքենաները
1 / 8

Մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ   քննարկեց  ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի  նախագիծը` կից փաթեթով: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հայտնեց, որ նախագծի նպատակը  ավտոմեքենաների շուկայում Trade-in համակարգի ներդրման համար անհրաժեշտ հարկային միջավայրի ձեւավորումն է:

Ներկայում Trade-in համակարգի շրջանակներում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի կողմից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ավտոմեքենաներ ձեռք բերելու եւ հետագայում այլ անձանց վաճառելու դեպքում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչները զրկվում են ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու հնարավորությունից, իսկ այդ գործարքից ԱԱՀ-ով հարկման բազան հաշվարկվում է ավտոմեքենայի վաճառքի ամբողջ արժեքից: Մյուս կողմից, նշյալ տնտեսավարող սուբյեկտների մոտ առաջանում է ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից որպես հարկային գործակալ եկամտային հարկ հաշվարկելու եւ պետական բյուջե վճարելու պարտավորություն, որն ուղղակիորեն ազդում է հետագայում այդ ավտոմեքենայի վաճառքի գնի վրա` խոչընդոտելով համակարգի զարգացումը: Կառավարությունն   ակնկալում է, որ փաթեթի ընդունումը  կվերացնի Trade-in համակարգի զարգացումը խոչընդոտող հարկային կարգավորումները: 

Արման Պողոսյանի  տեղեկացմամբ` «Լիցենզավորման մասին» օրենքում  կատարվող լրացմամբ տարեկան տուրքը 2022 թվականին կկազմի 1 մլն դրամի, իսկ հետագա տարիներին` 2 մլն դրամի չափով: Փոխնախարարը սակայն դժվարացավ նշել, թե պետբյուջեի հարկային եկամուտներն այս փոփոխության արդյունքում  ինչ չափով կհամալրվեն:

 ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել: Հարակից զեկուցող Ծովինար Վարդանյանի խոսքով` նախագծի ընդունմամբ քաղաքացիներն առավել քաղաքակիրթ պայմաններում կկարողանան թարմացնել իրենց ավտոմեքենաները` վաճառելով  դրանք լիցենզավորված ավտոսրահներին եւ ձեռք բերելով նոր շարժական գույք:    Սահմանափակում չկա նաեւ ավտոմեքենաների մակնիշների վերաբերյալ. ավտոսրահին հանձնելով որեւէ մակնիշի ավտոմեքենա` հնարավոր կլինի ձեռք բերել այլ մակնիշի շարժական գույք: