Տպել
25.05.2021
Քննարկվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության հարցը
1 / 11

Խորհրդարանը մայիսի 25-ի նիստում քննարկեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Շուշան Սարգսյանի թեկնածությունը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրական տվյալներն ու մասնագիտական գործունեությունը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թեկնածու Շուշան Սարգսյանը երախտագիտություն հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանն այս պաշտոնում իր թեկնածության առաջադրման հարցում ցուցաբերած վստահության համար: Նա անդրադարձավ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հիմնական ուղղություններին, ներկայացրեց ոլորտի խնդիրների հաղթահարման հարցում իր պատկերացումները: Թեկնածուն բարձրաձայնեց օրենսդրական ոլորտում առկա բացթողումները, խոսեց մի շարք իրավական ակտերի մշակման անհրաժեշտության մասին: Անդրադառնալով ոլորտի եւ հանձնաժողովի գործառույթների վերաբերյալ հանրության եւ տնտեսվարող սուբյեկտների իրազեկվածությանը՝ Շուշան Սարգսյանն անհրաժեշտ համարեց շարունակական համալիր միջոցառումների իրականացումը: Նա այս առումով կարեւորեց հանձնաժողովին կից հասարակական խորհրդի գործունեությունը:

Թեկնածուն խոսեց նաեւ հանձնաժողովում փաստաթղթաշրջանառությունն առցանց եղանակով կազմակերպելու անհրաժեշտության, տնտեսական մրցակցության ոլորտի իրավախախտումների բացահայտման եւ արգելման մասին: 

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության գաղտնի քվեարկությունը կկայանա մայիսի 26-ին՝ ժամը 11:00-12:30-ը: