Տպել
25.05.2021
Քննարկվեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը
1 / 9

Խորհրդարանը մայիսի 25-ի հերթական նիստում քննարկեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը հայտնեց, որ այդ պաշտոնում ընտրվելու համար ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Սերգեյ Աղինյանի թեկնածությունը: Սերգեյ Աղինյանը ծնվել է 1977 թվականին, ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում, սովորել է  ՀՊՃՀ-ում եւ ՀԱՀ-ում:  Մասնագիտությամբ ճարտարագետ թեկնածուն  աշխատել է ՀՀ էներգետիկայի եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովներում: 2019-ի մայիսից  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ է:

Սերգեյ Աղինյանն իր ելույթում անդրադարձավ ոլորտի խնդիրներին, կատարվող բարեփոխումներին եւ աշխատանքներին: Նա մասնավորապես կարեւորեց հանձնաժողովի գործունեության հրապարակայնության ու թափանցիկության ապահովումը, նշեց այդ ուղղությամբ կատարվող քայլերը: Թեկնածուն վստահեցրեց, որ ընտրվելու պարագայում իր 20 տարվա աշխատանքային փորձը հնարավորություն կտա պատշաճ իրականացնելու հանձնաժողովի անդամի պարտականությունները:

Պատգամավոր Արտակ Մանուկյանը գործընկերներին  հորդորեց կողմ քվեարկել:

ԱԺ հաշվիչ հանձնախմբի քարտուղար Արփինե Դավոյանը տեղեկացրեց, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության գաղտնի քվեարկությունը  տեղի կունենա վաղը` մայիսի 26-ին, ժամը 11:00-12:30-ը ընկած ժամանակահատվածում: