Տպել
25.05.2021
Ազգային ժողովում ցուցադրվեցին Քարվաճառի «Մուշ» պատկերասրահի նկարները
1 / 16

Մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ Արցախի Հանրապետության Քարվաճառի  շրջանի Զուար գյուղի  պատկերասրահից տեղափոխված բնանկարների ցուցադրությունը:

ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը բացման խոսքում նշեց, որ խորհրդարանում իր առաջին ելույթի ժամանակ ասել է, որ Ազգային ժողովի դռները պետք է բաց լինեն մարդկանց եւ արվեստի համար: Փոխխոսնակն ընդգծեց, որ այսօրվա ցուցադրության կազմակերպման գաղափարը ծնվել է պատահական հանդիպման արդյունքում. «Ուրախ եմ, որ նախաձեռնությունը հաջողվեց: Նման ցուցահանդեսներ պետք է ավելի հաճախակի կազմակերպել»:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի տեղեկացմամբ` ցուցադրությունը Մուշեղ Ադամյանի աշխատանքների մի փոքր մասն է: Նա լիահույս է, որ ցուցադրված աշխատանքների կողքին արվեստի նոր գործեր են դեռ ծնվելու:

Պատկերասրահ բացելու գաղափարը տեր եւ տիկին Ադամյանների մոտ պատահական է ծնվել: Քարվաճառում հանգստացող ամուսինները, սիրահարվելով այնտեղի բնությանը, որոշում են հիմնել պատկերասրահ: «Մուշ»-ը բացվել է 2010-ին, ցուցադրվել են հայազգի տարբեր նկարիչների 200-ից ավելի աշխատանքներ: 2020-ի պատերազմից հետո` Մուշեղ Ադամյանին հաջողվել է փրկել նկարները եւ տեղափոխել Երեւան: