Տպել
31.05.2021
«Որեւէ գործընթաց չի կարող սկսել, քանի դեռ ադրբեջանական զինված ուժերը հետ չեն քաշվել ՀՀ տարածքից». Լիլիթ Մակունց
1 / 3

Հանրային հեռուստաընկերության թղթակիցը մայիսի 31-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հետաքրքրվեց Անվտանգության խորհրդի նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հնչեցրած առաջարկի վերաբերյալ արձագանքներից:

Հարցին ի պատասխան` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց.  «Կարող ենք ամրագրել, որ հանրային արձագանք առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից եղել է, ընդ որում բոլոր համանախագահների մասնակցությամբ: Մնացյալ գործընթացների հետ կապված ՀՀ վարչապետի պաշտոնակատարը վերջին երկու օրերի ընթացքում նշել է, որ ՀՀ-ն պատրաստ է խոսել իր առաջարկում արված մնացած քայլերի մասին այն բանից հետո, երբ Ադրբեջանն արձագանքի գործընկերներին, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, եւ հայելանման կերպով հետ քաշի զինված ուժերը ՀՀ տարածքից: Կարծում եմ` այդ արձագանքից հետո պետք է սպասենք գործնական քայլերի հենց Ադրբեջանի զինված ուժերի կողմից»:

Լիլիթ Մակունցը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունների մասին հարցին, ընդգծեց, որ հակված է մեջբերելու ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքերը եւ պաշտոնական տեսակետը, ոչ թե Ադրբեջանի նախագահի:

«ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ խոսք է գնում եւ խոսք է գնացել բացառապես ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին եւ ոչ թե միջանցքի: Որեւէ գործընթաց չի կարող սկսել, քանի դեռ ադրբեջանական զինված ուժերը հետ չեն քաշվել ՀՀ տարածքից»,-հայտարարեց Մակունցը: