Տպել
31.10.2005
Բելգիայի Սենատի նախագահի պաշտոնական այցը Հայաստան

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Անն-Մարի Լիզինը:

Հոկտեմբերի 31-ին տիկին Լիզինը խորհրդարանում կհանդիպի ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի, Հայաստան-Բելգիա բարեկամության պատգամավորական խմբի, Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի հետ: Նույն օրը տիկին Լիզինին կընդունի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը: Պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` եղեռնի զոհերի հուշարձանին:

Նոյեմբերի 1-ին Բելգիայի Սենատի պատվիրակությունը կմասնակցի Ազգային ժողովում Հայաստանի խորհրդարանի 15-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին եւ «Խորհրդարանը ու խորհրդարանական համակարգերի զարգացման հեռանկարները ժողովրդավարության պայմաններում» համաժողովին, ապա` Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում կայանալիք հանդիսավոր նիստին եւ տոնական համերգին:

Նույն օրը նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի եւ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանի, Հայաստանում Եվրամիության դեսպանների հետ:

Նոյեմբերի 2-ին պատվիրակությունը կվերադառնա Բրյուսել: