Տպել
31.05.2021
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներն անդրադարձան սահմանային իրավիճակին
1 / 4

Մայիսի 31-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչներն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներից հետաքրքրվեցին ՀԱՊԿ-ին դիմելուն հաջորդող ժամանակահատվածում մեր երկրի կողմից նախատեսվող քայլերին: Այս համատեքստում անդրադարձ եղավ սահմանային իրավիճակի հանգուցալուծմանը:

Հայ Կոնջորյանի խոսքով՝ թե՛ վարչապետի պաշտոնակատարը, թե՛ խորհրդարանական մեծամասնությունն ասել են, որ մենք օգտագործում ենք բոլոր հնարավոր միջոցներն առաջացած խնդիրը կարգավորելու համար: ՀԱՊԿ-ն ունի իր կառուցակարգերը, ժամկետները: «Կցանկանանք, որ ամեն ինչ արագ տեղի ունենա, սակայն դա մեզ չի դնում մի վիճակի մեջ, որ դադարենք ինչ-որ գործողություններ անել: Դրան զուգահեռ արվել է երկու կողմից զորքերը հայելանման հետ քաշելու վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի առաջարկը: Երբ կլինի մյուս կողմից արձագանքը, դրանից հետո գործընթացները կգնան իրենց համապատասխան հունով»,-ասաց Կոնջորյանը:

Սիսակ Գաբրիելյանի համոզմամբ՝ գործընթացը մեխանիկական չէ: Առաջարկ է արվել միջազգային հանրությանը, նաեւ՝ ՌԴ-ին: «Երեք երկրները ներգրավված են Մինսկի խմբում եւ երեքի կողմից էլ եղել է պատրաստակամություն: Մեր կարծիքով՝ արդեն որոշողը Ադրբեջանն է: Մեր դիրքորոշումը հստակ է՝ այս գործընթացը պետք է սկսել, երբ ադրբեջանական զորքը դուրս կգա Հայաստանի սահմաններից: Այո՛, պետք է դելիմիտացիա եւ դեմարկացիա տեղի ունենա, բայց դա չի կարող տեղի ունենալ, քանի դեռ ադրբեջանական զինված ստորաբաժանումները գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում»,-ընդգծեց Գաբրիելյանը:

Լիլիթ Մակունցն էլ հավելեց՝ մենք նախ պետք է հասկանանք՝ արդյո՞ք իրատեսական է զինված ուժերի հայելանման հետ քաշումը, թե ոչ, եւ հետո անցնենք հաջորդ քայլերին: Մակունցը վստահեցրեց, որ հայկական կողմն այս պահին գործադրում է առավելագույն ջանքեր իրավիճակը կառավարելի եւ վերահսկողության տակ պահելու համար: