Տպել
01.06.2021
Քննարկվեցին 2020-ի ընթացքում ՀՀ ոստիկանության եւ ԱԻՆ-ի բյուջետային հատկացումները եւ կատարողական ցուցանիշները
1 / 15

Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի եւ ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությամբ նախատեսված ՀՀ ոստիկանության եւ ԱԻՆ-ի կատարողականները:

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի տեղեկացմամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համար 2020-ի բյուջեով նախատեսված է եղել սկզբնական ծրագրով օգտագործել 15.2 մլրդ դրամ: Տարվա ընթացքում ծրագիրը ճշտվել է՝ կազմելով 14.6 մլրդ դրամ, որի դիմաց արձանագրվել է 98.3 տոկոս կատարողական: Նախարարությունը պատասխանատու է եղել իրականացնելու 7 ծրագիր, որի շրջանակում նախանշված է եղել 15 միջոցառում: Հատկացված միջոցների մեծ մասը՝ շուրջ 78 տոկոսը կամ 11.2 մլրդ դրամը, ուղղվել է Փրկարար ծառայության ֆինանսավորմանը: Գերատեսչության աշխատակազմի պահպանման համար օգտագործվել է 1 մլրդ 96 մլն դրամ:

Ջանջուղազյանը նշեց, որ հաշվետու տարում ՀՀ ոստիկանությանը սկզբնական ծրագրով նախատեսված է եղել հատկացնել 65.3 մլրդ դրամ: Տարվա ընթացքում ծրագիրը ճշտվել է՝ կազմելով 65 մլրդ դրամ, որի դիմաց կատարողականը եղել է 98.2 տոկոս: Ոստիկանությունը պատասխանատու է եղել 6 ծրագրի համար՝ անձնագրերի եւ վիզաների տրամադրում, բնակչության պետական ռեգիստրի միասնական համակարգի վարում, ոստիկանության աշխատողների եւ նրանց ընտանիքի անդամների առողջության ապահովում եւ ոստիկանության կրթական ծառայություններ: «Հասարակական անվտանգության ապահովում» ծրագրով ծախսվել է 3.7 մլրդ դրամ: 2020-ի ընթացքում 9.78 մլրդ դրամ էլ օգտագործվել է ոստիկանության աշխատակազմի պահպանման համար:

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը եւ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրին իրենց ղեկավարած կառույցների կողմից իրականացված ծրագրերն ու կատարողական ցուցանիշները:

Պատգամավորները բարձրացրին ապաստարանների կառուցման ու կահավորման, սեյսմիկ ծառայության տեխնիկական բազայի թարմացման հարցերը:

Անդրանիկ Փիլոյանը տեղեկացրեց, որ Քաղաքաշինության կոմիտեի հետ արդյունավետ համագործակցում են նախագծվող շենք-շինություններում ապաստարանների խնդիրը լուծելու հարցում: Նրա խոսքով՝ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն« ՊՈԱԿ-ը տարածաշրջանում լավագույններից է թե՛ տեխնիկական հագեցածության, թե՛ աշխատակազմի պատրաստվածության առումով:

Արա Ֆիդանյանը հավաստիացրեց, որ չնայած ոստիկանությունը 2020-ի ընթացքում ունեցել է գերծանրաբեռնված օրակարգ՝ այնուամենայնիվ կատարվել են լայնածավալ եւ բազմաբնույթ աշխատանքներ հանցավորության աճի զսպման, օպերատիվ իրավիճակի վերահսկման, հասարակական կարգի եւ անվտանգության պահպանման, ինչպես նաեւ բարեփոխումների իրականացման ուղղությամբ: 
 
«ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ՀՀ պաշտպանության բնագավառի կատարողականը քննարկվեց դռնփակ նիստում: