Տպել
03.06.2021
Խորհրդարանն արտահերթ նիստ գումարեց
1 / 11

ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 3-ին խորհրդարանն արտահերթ նիստ գումարեց:

«ԱԺ արտահերթ նիստի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» ԱԺ որոշման նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը: Օրակարգում ներառված է 14 հարց, առաջարկվեց օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում:

Օրակարգն ընդունելուց հետո ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գեւորգ Սիմոնյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2021 թվականի փետրվարի 18-ին ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը 7.4 մլն ԱՄՆ դոլարի գումարի չափով: Ներկայացված վարկային համաձայնագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել Վայոց Ձորի նոր հիվանդանոցային շենքի կառուցման շինարարական աշխատանքները, ինչպես նաեւ արդեն իսկ մեկնարկած Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի շինարարական աշխատանքները հասցնել ավարտին: Ծրագրում ներառված է նաեւ կենտրոնները համապատասխան անհրաժեշտ բժշկական սարքավորումներով համալրելու հարցը: Ներկայացնելով մանրամասներ վարկային ծրագրից եւ ընդգծելով ընդունման հրատապությունը` զեկուցողն առաջարկեց կողմ քվեարկել նախագծին: