Տպել
04.06.2021
Խորհրդարանն արտահերթ նիստ գումարեց
1 / 14

Խորհրդարանը հունիսի 4-ին գումարեց ԱԺ արտահերթ նիստ: Օրակարգում ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հեղինակած ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն է ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը:

Ներկայացնելով հիմնական կարգավորումները` Մխիթար Հայրապետյանը նշեց, որ գործող օրենսդրությամբ մանկավարժական բազային կրթություն ունենալը պարտադիր պահանջ է հանրակրթական ուսումնական հաստատությունում որպես ուսուցիչ աշխատելու համար: Օրենսդրական առաջարկով առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սահմանված պահանջներին բավարարող անձի կողմից չհամալրվելու դեպքում թափուր տեղի համար կարող է դիմել նաեւ տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպության (կազմակերպությունների), այդ թվում` բուհերի առաջարկած կրթական ծրագրին մասնակցության միջոցով մանկավարժության առնվազն երեսուն կրեդիտ ունեցող անձը: Այսինքն` մանկավարժական բազային կրթություն չունեցող այն մասնագետները, որոնք ունեն մասնագիտական հմտություններ, կարող են անցնել պետական լիազոր մարմնի կողմից մշակվող կրթական ծրագիրը եւ հաղթահարելով մրցույթը` հնարավորություն ստանան դասավանդելու դպրոցում:

Հայրապետյանը պարզաբանեց, որ իրավիճակը հատկապես խնդրահարույց է բնագիտական մասնագիտությունների գծով. 2020-2021 թթ. մանկավարժական մասնագիտացում ունեցող որեւէ բուհում ֆիզիկա մասնագիտություն ընտրող չի եղել: Նրա խոսքով` խնդիրն առկա է թե՛ բարձր լեռնային ու սահմանամերձ շրջաններում, թե՛ քաղաքային համայնքներում, ինչով պայմանավորված էլ` ճկուն կարգավորումների ներդրման անհրաժեշտություն կա:

Հարակից զեկույցում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոֆիա Հովսեփյանը, կարեւորելով նախաձեռնության կարգավորումները, ընդգծեց, որ մասնագետի նշանակման եւ մրցույթին մասնակցելու խնդիրն առկա է ողջ հանրապետությունում: Հովսեփյանի համոզմամբ` կարճաժամկետ ծրագրերով փորձ է արվել խնդիրը կարգավորելու, սակայն երկարաժամկետ լուծման կարիք կա:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը:
 
 
 


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...