Տպել
30.06.2021
Կապահովվի երկարաժամկետ ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացում
1 / 14

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 30-ի արտահերթ նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած ««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ` առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունելուց հետո առկա էր բովանդակային եւ իրավական առումով  որոշակի վերապահումներ եւ փոփոխությունների ու լրացումների անհրաժեշտություն:

Էկոնոմիկայի նախարարության Հանրային ներդրումների քաղաքականության վարչության պետ Գայանե Գաբրիելյանը ներկայացրեց նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը`  անդրադառնալով անցումային դրույթներում կատարված փոփոխություններին, շուրջ երկու տասնյակ առաջարկություններին, ՊՄԳ ծրագրերի իրականացման ընթացակարգերին, պարտավորությունների թույլատրելի սահմանաչափին վերաբերող կարգավորումներին:

Ըստ հիմնական զեկուցողի` օրենսդրական նախաձեռնության ընդունման դեպքում կապահովվի երկարաժամկետ ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացում պայմանագրի գործողության ողջ ընթացքում` նպաստելով օտարերկրյա ներդրումների ներգրավման արդյունավետության խթանմանը: Նշվեց, որ նախատեսվում են նոր ենթակառուցվածքների ստեղծում, մատուցվող հանրային ծառայությունների որակի բարելավում, կառավարման համակարգի վերահսկելիություն, մրցակցության խթանում, հնարավոր ռիսկերի կանխատեսում, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում:

Լրամշակված օրենքների նախագծերի փաթեթը ստացավ դրական եզրակացություն: