Տպել
30.06.2021
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին մի շարք օրինագծեր
1 / 4

Հունիսի 30-ին գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը տեղեկացրեց, որ օրինագծի վերաբերյալ եղել է երկու առաջարկ, որն ընդունվել է:

Կառավարության հեղինակած ««ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքի նախագիծը եւս քննարկվեց երկրորդ ընթերցմամբ: ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալը նշեց, որ պատգամավորների կողմից առաջարկներ չեն ներկայացվել:

Հաջորդիվ խորհրդարանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկեց ««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանն իր ելույթում հիմնական զեկուցողներին առաջարկեց օրինագիծը ներկայացնելիս նշել նաեւ դրա հրատապության պատճառների մասին:

ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը քննարկվեց երկրորդ ընթերցմամբ:

Հիմնական զեկուցող Արուսյակ Ջուլհակյանը նշեց, որ օրինագծի վերաբերյալ Կառավարության կողմից եղել են առաջարկներ, որոնք ընդունվել են:

Ներկայացված օրենքների նախագծերը քննարկվել են նաեւ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովներում եւ ստացել դրական եզրակացություն: