Հունիսի 30-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:
Ֆինանսների նախարարի պաշտոնակատարի խոսքով` 2020-ը բացառիկ տարի է եղել բացասական զարգացումների իմաստով: Պետական բյուջեի ծրագրային հենքը 2020-ի տնտեսական զարգացման հարկաբյուջետային քաղաքականությունների տրամաբանությունը կառուցված է եղել ամբողջությամբ Կառավարության ծրագրի առաջնահերթությունների շուրջ: Հաշվետու տարվա ընթացքում ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքելու համար անհրաժեշտություն է եղել Կառավարությանը վերապահված լիազորություների շրջանակում անդրադառնալու առաջնահերթությունների վերանայմանը եւ ըստ այդմ` փաստաթղթում փոփոխությունների իրականացմանը: «Տարվա ընթացքում անխուսափելիորեն պետք է տեղի ունենար առաջնահերթությունների վերանայում»,- նշեց Ատոմ Ջանջուղազյանը:
Հաշվետվության մանրամասները`
այստեղ:
Փաստաթղթի վերաբերյալ հարակից զեկուցմամբ հանդես եկավ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Նա ներկայացրեց իր ղեկավարած կառույցի դրական եզրակացությունը 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ:
Հաշվետվության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի դրական եզրակացությունը ներկայացրեց Լեւոն Յոլյանը:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը հարակից զեկուցմամբ տեղեկացրեց, որ փաստաթուղթը մանրամասն քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովներում: ԱԺ պատգամավորն ընդգծեց, որ երկու ճգնաժամերին համընթաց բոլոր կանխատեսումներն ու դիտարկումները սխալ էին. «Հայաստանին հաջողվեց ապահովել բավականին բարձր մակրոտնտեսական կայունություն»:
Հարակից զեկուցմամբ հանդես եկավ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Պատգամավորի խոսքով` հանձնաժողովում փակ ձեւաչափով քննարկումներն առնչվել են բյուջեի կատարողականի այն հատվածներին, որը նաեւ շտկումներ է ունեցել 2020-ի գործընթացների տրամաբանության շրջանակներում:
Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձավ բարձրաձայնած հարցադրումներին, տվեց պարզաբանումներ: