ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում խորհրդարանը քննարկեց ՀՀ ԱԺ նախագահի ընտրության հարցին:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ առաջնորդվելով «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 136-րդ հոդվածով՝ խմբակցությունն ԱԺ նախագահի թեկնածու է առաջադրում Ալեն Սիմոնյանին:
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իրենց խմբակցության կողմից առաջադրեց Մխիթար Զաքարյանի թեկնածությունը, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իրենց խմբակցության կողմից առաջադրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի թեկնածությունը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց Մխիթար Զաքարյանի կենսագրությունը եւ գործունեությունը՝ հիմնավորելով նաեւ առաջադրման կարեւորությունը: Նրա գնահատմամբ՝ թեկնածուն իր անցած ճանապարհով եւ կենսափորձով ոչ միայն ունակ է իրականացնելու ԱԺ ղեկավարումը, այլեւ հնարավորություն ունի կազմակերպելու խորհրդարանի աշխատանքն այնպես, որ յուրաքանչյուր պատգամավոր ու խմբակցություն ունենա իր իրավունքների իրացման հնարավորությունը:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից պատգամավոր Հայկ Մամիջանյանը ներկայացրեց ԱԺ նախագահի թեկնածու Արթուր Սարգսյանին՝ անդրադառնալով նրա կենսագրական տվյալներին, մասնագիտական հատկանիշներին եւ անցած ուղուն:
Արծվիկ Մինասյանին եւ Հայկ Մամիջանյանին ուղղված հարցադրումներում ընդդիմադիր պատգամավորներն անդրադարձան առաջադրված թեկնածուների կալանավորմանը՝ անթույլատրելի համարելով նրանց անազատության մեջ գտնվելու հանգամանքը: Նշվեց, որ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով պատգամավորը չի կարող առանց ԱԺ-ի համաձայնության անազատության մեջ գտնվել:
ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանի կենսագրական տվյալները եւ գործունեությունը ներկայացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նա փաստեց, որ իրենց առաջադրած թեկնածուն մշտապես եղել է քաղաքացիական եւ քաղաքական պայքարի առաջնագծում ու քաղաքացիների իրավունքների պաշտպանության դիրքերում կանգնած:
«Վստահ եմ, որ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո Ալեն Սիմոնյանը շարունակելու է այդ առաքելությունը՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր ապագայի, մեր քաղաքացիների եւ մեր ժողովրդի»,-ընդգծեց Հայկ Կոնջորյանը: Նրա խոսքով՝ թե՛ Ալեն Սիմոնյանը, թե՛ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիսանում են ՀՀ ժողովրդի կողմից հաստատակամորեն արձանագրված պողպատյա մանդատի ներկայացուցիչները դահլիճում: Խմբակցության ղեկավարը հորդորեց կողմ քվեարկել առաջադրված թեկնածությանը:
ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն իր թեկնածության առաջադրման համար: Ալեն Սիմոնյանի ամբողջական ելույթը՝ կից
հղմամբ:
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց ՀՀ ԱԺ նախագահի ընտրության քվեարկության կարգը:
ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի անդրանիկ նիստի ամփոփում
8-րդ գումարման խորհրդարանում օրենսդրական գործունեություն ծավալելու մանդատ է ստացել 107 պատգամավոր: Յուրաքանչյուրի համար անկախ քաղաքական հայացքներից ու մասնագիտական կարողություններից սկզբունքը մեկն է` արդարացնել իրեն ձայն տված քաղաքացու սպասումները: ...
Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Ալեն Սիմոնյանը
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում, որը տեղի ունեցավ օգոստոսի 2-ին, կայացավ ԱԺ նախագահի ընտրության քվեարկությունը: ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու համար թեկնածուներ էին առաջադրել բոլոր երեք խմբակցությունները: ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր «Հայաստան» խմբակցու...
ՀՀ ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանի ելույթը
Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, շնորհակալություն եմ հայտնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն իմ թեկնածությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու համար: Մինչ բուն խոսքիս անցնելն ուզում եմ շնորհակալություն հայտնել 7-րդ գումարման Ազգային ժողովի իմ բոլոր գործընկերներին: ...
Ձեւավորվեց ԱԺ հաշվիչ հանձնախումբը
Ազգային ժողովը քննարկեց «ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» որոշման նախագիծը, որն ընդունվեց 65 կողմ, 1 դեմ, 15 ձեռնպահ ձայներով: Այսպիսով, ԱԺ հաշվիչ հանձնախմբում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ընդգրկված կլինեն Նարեկ Բաբայանը, Սարգիս Խանդանյանը, Լիլ...
Մեկնարկեց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը
Օգոստոսի 2-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկեց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: «ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ մինչեւ խորհրդարանի նախագահի ընտրությունն ԱԺ նիստերը վարեց տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովը: Նիստը վարողի առաջարկով պատգամավորները մեկ րո...