Տպել
02.08.2021
Խորհրդարանը քննարկում է ՀՀ ԱԺ նախագահի ընտրության հարցը
1 / 28

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում խորհրդարանը քննարկեց ՀՀ ԱԺ նախագահի ընտրության հարցին:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ առաջնորդվելով «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 136-րդ հոդվածով՝ խմբակցությունն ԱԺ նախագահի թեկնածու է առաջադրում Ալեն Սիմոնյանին:

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իրենց խմբակցության կողմից առաջադրեց Մխիթար Զաքարյանի թեկնածությունը, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իրենց խմբակցության կողմից առաջադրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի թեկնածությունը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց Մխիթար Զաքարյանի կենսագրությունը եւ գործունեությունը՝ հիմնավորելով նաեւ առաջադրման կարեւորությունը: Նրա գնահատմամբ՝ թեկնածուն իր անցած ճանապարհով եւ կենսափորձով ոչ միայն ունակ է իրականացնելու ԱԺ ղեկավարումը, այլեւ հնարավորություն ունի կազմակերպելու խորհրդարանի աշխատանքն այնպես, որ յուրաքանչյուր պատգամավոր ու խմբակցություն ունենա իր իրավունքների իրացման հնարավորությունը:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից պատգամավոր Հայկ Մամիջանյանը ներկայացրեց ԱԺ նախագահի թեկնածու Արթուր Սարգսյանին՝ անդրադառնալով նրա կենսագրական տվյալներին, մասնագիտական հատկանիշներին եւ անցած ուղուն:

Արծվիկ Մինասյանին եւ Հայկ Մամիջանյանին ուղղված հարցադրումներում ընդդիմադիր պատգամավորներն անդրադարձան առաջադրված թեկնածուների կալանավորմանը՝ անթույլատրելի համարելով նրանց անազատության մեջ գտնվելու հանգամանքը: Նշվեց, որ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով պատգամավորը չի կարող առանց ԱԺ-ի համաձայնության անազատության մեջ գտնվել:

ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանի կենսագրական տվյալները եւ գործունեությունը ներկայացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նա փաստեց, որ իրենց առաջադրած թեկնածուն մշտապես եղել է քաղաքացիական եւ քաղաքական պայքարի առաջնագծում ու քաղաքացիների իրավունքների պաշտպանության դիրքերում կանգնած:

«Վստահ եմ, որ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո Ալեն Սիմոնյանը շարունակելու է այդ առաքելությունը՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր ապագայի, մեր քաղաքացիների եւ մեր ժողովրդի»,-ընդգծեց Հայկ Կոնջորյանը: Նրա խոսքով՝ թե՛ Ալեն Սիմոնյանը, թե՛ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիսանում են ՀՀ ժողովրդի կողմից հաստատակամորեն արձանագրված պողպատյա մանդատի ներկայացուցիչները դահլիճում: Խմբակցության ղեկավարը հորդորեց կողմ քվեարկել առաջադրված թեկնածությանը:

ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն իր թեկնածության առաջադրման համար: Ալեն Սիմոնյանի ամբողջական ելույթը՝ կից հղմամբ:  
 
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց ՀՀ ԱԺ նախագահի ընտրության քվեարկության կարգը: