Նոյեմբերի 10-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության անդամներին: Գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը եւ 15 կազմակերպությունների ղեկավարները խորհրդարանի նախագահին ներկայացրին զբոսաշրջության ոլորտի օրենսդրական, տնտեսական եւ ոլորտի զարգացմանն ուղղված իրենց խնդիրներն ու առաջարկները:
Մասնավորապես քննարկվեցին տարածաշրջանային մրցունակությունը պահպանելու համար ԵՄ անդամ երկրներից Հայաստան եկող զբոսաշրջիկների վիզաների, տուրօպերատորների լիցենզավորման, զբոսաշրջության եւ մաքսային-հարկային օրենքներում փոփոխությունների, զբոսաշրջության ոլորտում կադրերի պատրաստման ու վերապատրաստման, ինֆրակառույցներին, ճանապարհներին, հյուրանոցներին եւ այլ խնդիրների առնչվող տասնյակ հարցեր:
Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն առաջարկեց ոլորտի վիճակի ու զարգացման խնդիրների շուրջ կազմակերպել խորհրդարանական լսումներ, որոնց ընթացքում ոլորտի ներկայացուցիչների, կառավարության ու նախարարության աշխատակիցների մասնակցությամբ կքննարկվեն նշված եւ այլ հարցեր: Պայմանավորվածություն ձեռքբերվեց, որ զբոսաշրջությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կլինեն նաեւ այլ հանդիպումներ: