Տպել
29.09.2021
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է հարկային բնագավառը կարգավորող օրինագծեր
1 / 10

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը քննարկման է ներկայացրել  «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որի հիմնական նպատակը ՀՀ հարկային օրենսգրքով  «էլեկտրոնային ծառայություն» հասկացության սահմանման հստակեցումն է, էլեկտրոնային ծառայությունների մատուցման վայրի որոշման կանոնների սահմանումը, ինչպես նաեւ ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների վերաբերյալ ԱԱՀ-ը հաշվարկելու եւ վճարելու կարգավորումների նախատեսումը:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովականներին է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը: Օրինագծի  ընդունումը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրության, ինչպես նաեւ մշակող արդյունաբերության ոլորտում վերջնական արտադրանք ստանալու համար անհրաժեշտ ապրանքների ներմուծման պարագայում ընկերությունների ֆինանսական բեռի թեթեւացման անհրաժեշտությամբ: Նախատեսվում է փուլ առ փուլ վերացնել մաքսային սահմանի վրա ԱԱՀ-ի գանձումը:  Փորձ է արվում կարգավորել սարքավորումների, հումքի ու նյութերի ներմուծման ընթացքում ծագող իրավահարաբերությունները:

Բանախոսները պատասխանել են պատգամավորների հարցերին: Քննարկումների արդյունքում օրինագծերը ստացել են դրական եզրակացություն: