Տպել
29.09.2021
Աշխատանքային քննարկում` ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ
1 / 7

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Արցախցիների իրավունքների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ» թեմայով:

Քննարկմանը մասնակցել է Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:

Թագուհի Թովմասյանը նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո ունենք ոչ միայն տարածքային կորուստներ, զոհեր, հաշմված մարդիկ, այլեւ հարյուրավոր անտուն քաղաքացիներ, որոնց խնդիրները դեռեւս ամբողջապես չեն լուծվել: Հանձնաժողովի նախագահն առանձնացրել է տեղահանված բնակիչների կեցության եւ իրավունքների հետ կապված խնդիրները:

Սերգեյ Ղազարյանի ներկայացմամբ՝ պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակում առաջնահերթ խնդիրներից է Արցախում հայ բնակչության գոյության ապահովումը, որի հետ սերտորեն կապված են կենսական պայմանների, ենթակառուցվածքների, բնակֆոնդի վերականգնման եւ այլ հարցեր: Պատերազմի հետեւանքով մեծ վնասներ են կրել Արցախի Հանրապետության ենթակառուցվածքները:

ԱՀ ՄԻՊ գրասենյակի տվյալներով՝ 44-օրյա պատերազմում զոհվել է Արցախի Հանրապետության քաղաքացիություն ունեցող 742 զինծառայող, իսկ 45-ը մինչ օրս համարվում է անհետ կորած: Սպանվել է 80 քաղաքացիական անձ, որոնցից 38-ը՝ գերեվարման մեջ, անհետ կորած է համարվում 20 քաղաքացիական անձ: Անդրադառնալով տեղահանված անձանց բնակարաններով ապահովելու հարցին՝ Ղազարյանը նշել է, որ նախատեսվում է մինչեւ տարեվերջ Ստեփանակերտում կառուցել 300 բնակարան: Սերգեյ Ղազարյանը նշել է, որ հետպատերազմյան վերականգնման որոշ ծրագրեր վաղուց մեկնարկել են, նախատեսվում է տեղահանված բնակչության համար 2022-ին ավարտին հասցնել 1000 տան կառուցման եւ կահավորման աշխատանքներ: Երեք տարվա ընթացքում նախատեսվում է լուծել շուրջ 6000 բնակարանի կառուցման հարց եւս:

Անդրադառնալով հայկական պատմամշակութային ժառանգության այն հատվածին, որը պատերազմից հետո գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ զեկուցողը նշել է, որ վտանգված է մոտ 2000 հուշարձանի ճակատագիր:

Սերգեյ Ղազարյանն անդրադարձել է նաեւ պատերազմի հետեւանքների մեղմմանն ուղղված՝ ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացված սոցիալական աջակցության ծրագրերին:

Զեկույցը ներկայացնելուց հետո հանձնաժողովում քննարկումը շարունակվել է դռնփակ ձեւաչափով: