Տպել
05.10.2021
Խորհրդարանը քննարկել է «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
1 / 15

Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի ներկայացմամբ՝ առաջարկվում է դեռեւս 2016-ին ընդունված «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի իրականացման ժամկետը երկարացնել մինչեւ 2024 թվականը: Նախագծի հիմնական նպատակն է երկարացնել գործող օրենքի կանոնակարգումները: Հիմնական զեկուցողի խոսքով՝ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է համայնքների ֆինանսական համահարթեցմանը եւ համաչափ սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Զեկուցողը պատասխանել է վարչատարածքային փոփոխություններին, համայնքներում օրենսդրական նախաձեռնության ազդեցությանը, համայնքների եկամտային կարողությունների հաշվարկներին, 2016-ից մեկնարկած խոշորացման գործընթացի հակասահմանադրականությանը վերաբերող հարցերին:

Հարակից զեկուցող, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Մովսիսյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ կոչ անելով կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը:

Ելույթներում պատգամավորներն անդրադարձել են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին:

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ելույթում խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նշել է, որ երկար ժամանակ քննարկվող «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը ոչ մի աղերս չունի միջազգային հարաբերությունների եւ ՀՀ արտաքին սահմանների հետ:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում Վլադիմիր Վարդանյանն անդրադրձել է օրակարգից շեղվելու անթույլատրելի հետեւանքներին՝ առաջարկելով դադարեցնել սահմանների վերաբերյալ վտանգավոր հետեւանքներով լի քննարկումները:

Եզրափակիչ ելույթում Վաչե Տերտերյանն անդրադարձել է հնչեցված դիտարկումներին:
 
Քվեարկության արդյունքում նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ: