Տպել
05.10.2021
Քննարկվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը
1 / 11

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 5-ի նիստում քննարկել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Արա Նռանյանին՝ որպես  համաձայնեցված միասնական թեկնածու: Հարցը քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով:

Պատգամավոր Լիլիթ Գալստյանը ներկայացրել է ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների միասնական թեկնածուի կենսագրական տվյալները, մասնագիտական հատկանիշները եւ աշխատանքային գործունեությունը: Նրա խոսքով՝ երկու խմբակցություններն էլ համոզված են՝ իրենց թեկնածուն օժտված է մարդկային եւ մասնագիտական անհրաժեշտ որակներով, որոնք թույլ կտան առաջնորդվել հանրային շահով, հավասարակշռել պետության, տնտեսության եւ սպառողի շահերը:

Արա Նռանյանը շնորհակալություն է հայտնել «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններին իր թեկնածության առաջադրման, ինչպես նաեւ քաղաքական մեծամասնությանը մինչ ԱԺ նիստում իր թեկնածության քննարկումը հանդիպում կազմակերպելու համար:

Ըստ թեկնածուի՝ հանձաժողովը պետք է ծավալի բոլոր կողմերի շահերը հավասարակշռող գործունեություն: Խոսելով էներգետիկայի ոլորտի խնդիրների մասին՝ Նռանյանը նոր ատոմակայանի կառուցումը դրական է գնահատել: Ըստ նրա՝ ավանդական էներգետիկան առաջիկա տարիների համար այլընտրանք չունի, էներգախնայողությունը եւ այլընտրանքային էներգետիկայի զարգացումն անհրաժեշտ են, սակայն միայն դրանով հնարավոր չէ ապահովել էներգետիկ անվտանգության կայունությունը: Թեկնածուն կարծիք է հայտնել, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, պետք է ակտիվ մասնակցություն ունենա նաեւ միասնական էներգետիկ շուկայի ձեւավորման աշխատանքներին: Անդրադառնալով գազի ազատականացման խնդրին՝ զեկուցողը նկատել է, որ Եվրոպայում ընթացող գործընթացները ցույց են տալիս՝ համակարգի կայունությունը շատ ավելի կարեւոր է:

Արա Նռանյանն անդրադարձել է նաեւ ջրային ոլորտում առկա խնդիրներին, խոսել ենթակառուցվածքների օգտագործման վճարների, փոստային ծառայության ու հեռահաղորդակցության խնդիրների մասին:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հաջորդիվ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է քվեարկության կարգը, տեղը եւ ժամը: