Տպել
22.11.2005
Ստորագրվեց միջխորհրդարանական համագործակցության հուշագիր

Ուկրաինայի Հանրապետության Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 21-ին հյուրընկալվեց Կիեւում:

Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի հետ հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին նաեւ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը եւ Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն, քննարկվեցին հայ-ուկրաինական խորհրդարանական կապերի խորացման խնդիրներ` հանձնաժողովների, պատգամավորական բարեկամության խմբերի, կուսակցությունների միջեւ:Պարոն Լիտվինը հանգամանալից ներկայացրեց Ուկրաինայում հեղափոխությունից հետո անցած արդեն մեկ տարում տեղի ունեցած բարեփոխումների ընթացքը, անդրադարձավ քաղաքական ու տնտեսական տեղաշարժերին. այս շաբաթ Գերագույն Ռադայում քննարկվում է 2006 թվականի պետական բյուջեի նախագիծը, եկող տարվա հունվարի մեկից ուժի մեջ կմտնեն սահմանադրական փոփոխությունները:Կարեւորվեց նաեւ միջռեգիոնալ ուղիղ կապերի հաստատումը Հայաստանի ու Ուկրաինայի միջեւ:

Հավարտ հանդիպման ստորագրվեց միջխորհրդարանական համագործակցության հուշագիր, որը հավաստում է, որ կարեւոր նշանակություն տալով բարեկամության, փոխըմբռնումի եւ վստահության վրա հենված երկկողմանի հարաբերություններին` կողմերը պարտավորվում են զարգացնել միջխորհրդարանական համագործակցությունը` փորձի փոխանակման համար քաղաքական, սոցիալական, տնտեսական, գիտական, մշակութային ու մարդասիրական ոլորտներում: Կողմերը կնպաստեն Ուկրաինայի ու Հայաստանի միջեւ ստորագրված պայմանագրերի ու համաձայնագրերի վավերացմանը, կանցկացնեն խորհրդատվություններ եւ կաջակցեն միմյանց հետ փոխադարձ հետաքրքրություններ ունեցող հարցերի քննարկումների ժամանակ միջազգային կառույցներում: Հուշագրով նախատեսվում է խորհրդարանների մշտական հանձնաժողովների, բարեկամության խմբերի, պատգամավորական խմբակցությունների միջեւ կապերի հաստատմանը, կողմերը միմյանց հետ տեղեկատվության ու օրենսդրական փորձի, աշխատակազմերի վերապատրաստման փոխանակման պայմանավորվածություն ձեռքբերեցին:

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ ՈւՀ Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը ճեպազրույց ունեցան լրագրողների համար

Այնուհետեւ պատվիրակությունը պսակներ դրեց Անհայտ զինվորի հուշարձանին:

Ուկրաինայի վարչապետ Յուրի Եխանուրովի հետ հանդիպման, որին եւս մասնակցում էին երկու երկրնեի դեսպանները, առանցքում երկու երկրների առեւտրատնտեսական կապերի խորացման խնդիրներն էին: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը, ռեգիոնալ կապերի ամրապնդումը, ապրանքաշրջանառության մեծացումը, որի հնարավորությունները երկու երկրներն էլ ունեն:

Պարոն Եխանուրովը իր գոհունակությունը հայտնեց Հայաստանից նման բարձրաստիճան պատվիրակության այցի համար, պատմեց Ուկրաինայում տեղի ունեցող քաղաքական ու տնտեսական բարեփոխումների, եկող տարվա բյուջեի քննարկումների մասին:

Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը ընդունեց Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Բորիս Տարասյուկը: Հանդիպման ընթացքում փոխադարձաբար կարեւորվեց քաղաքական համագործակցության խորացումը, ժողովրդավարական արժեքների հաստատման, եվրաինտեգրման գործընթացների շրջանակներում: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց ՈՒկրաինայի կառուցողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Պարոն Տարասյուկը ուկրաինական կողմի պատրաստակամությունը հայտնեց եվրաինտեգրման գործընթացներում Հայաստանին աջակցելու առումով` նշելով, որ երեք տարվա գործողությունների ծրագրի առաջին տարին ամփոփելուց հետո Ուկրաինան ԵՄ-ին անդամակցության հայտ կարող է ներկայացնել: ՈՒկրաինայի արտաքին գործերի նախարարի խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը իրազեկեց Հայաստանում կատարվող բարեփոխումների ու մասնավորապես սահմանադրության փոփոխությունների մասին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ առեւտրատնտեսական ու գիտակրթական համագործակցության խորացման խնդիրները:

Ուկրաինայի Հանրապետության նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-ուկրաինական հարաբերությունների լայն շրջանակ: Նշվեց, որ ուկրաինական հեղափոխությունից հետո Հայաս տանից առաջին պաշտոնական պատվիրակության այցն է, որ սկիզբ է դնում ուկրաինական նոր իշխանությունների հետ քաղաքական նոր համագործակցության: Պայմանավորվածություններ ձեռքբերվեցին տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման մասին` այդ թվում` միջպետական ու միջխորհրդարանական, քննարկվեցին տարածաշրջանային զարգացումներին, երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, Ուկրաինայի առաջիկա ընտրությունների, ժողովրդավարության զարգացման ու միջազգային կառույցներում համագործակցության մասին:

Ուկրաինայի Հանրապետության նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հրավերով ԱԺ պաշտոնական պատվիրակությունը մասնակցեց Կիեւի մայդանում Ազատության օրվա` հեղափոխության մեկամյա տարեդարձի տոնակատարությանը: Կիեւից ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա: